Թուրքմենստանի դեսպանը հայ-թուրքմենական զբոսաշրջային հարաբերությունները զարգացնելու ցանկություն ունի
ОбществоՀայաստանը և Թուրքմենստանը շատ ջերմ հարաբերություններ ունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում երկկողմ կապերին նման գնահատական տվեց ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը: «Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցությունը ընկերական է, մենք միշտ աջակցում ենք միմյանց, մեր միջև տարաձայնություններ չկան: Մենք միշտ խաղաղության, հանդուրժողականության կողմնակից ենք: Հայաստանի հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունենք: Այս տարի մարտին ոչ միայն Երևանում, այլև մարզերում` Վանաձորում, Գյումրիում, անցկացվեցին Թուրքմենստանի մշակույթի օրեր, շատ ջերմ անցան»,-նշեց Մուհամեդնիյազ Մաշալովը` վստահեցնելով, որ առաջիկայում էլ երկկողմ միջոցառումներ կանցկացվեն:
«2014-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց մեր երկիր: Թուրքմենստանում, ինչպես նաև Թուրքմենբաշի քաղաքում ևս անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրեր: Զբոսաշրջային քաղաք է` միջազգային որակի, 20 հյուրանոցներ ենք արդեն կառուցել այնտեղ: Առաջիկայում պետք է աշխատենք երկկողմ զբոսաշրջային հարաբերությունների զարգացման վրա` Հայաստանի և Թուրքմենստանի միջև: Ես ուզում եմ, որ մեր երկու երկրների տուրիստական գործակալությունները ուղևորություններ կազմակերպեն»,-ընդգծեց դեսպանը:
Խոսելով կրթական ոլորտում երկկողմ համագործակցության մասին` Մուհամեդնիյազ Մաշալովը տեղեկացրեց, որ Հայաստանում Թուրքմենստանից 50-60 ուսանողներ են սովորում:
«Մեզ մոտ էլ ասպիրանտուրայում ԵՊՀ-ից աղջիկ է սովորում, ուսումնասիրում է Մախթումկուլիի ժառանգությունը և թուրքմեներեն, ավարտելուց հետո այստեղ թուրքմեներեն կարող է դասավանդել: Թուրքմենստանի պրակտիակայում սա առաջին դեպքն է, պատկերացնո՞ւմ եք` հայուհին թուրքմեներեն գիտի, մեր մեծ պոետ Մախթումկուլիի գործերը թուրքմեներեն կարդում է մերոնցից լավ»,-հպարտությամբ փաստեց դեսպանը:
Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հոկտեմբերի 9-ին: 1994թ. հուլիսից Թուրքմենստանում գործում է ՀՀ դեսպանությունը: 2008թ. սեպտեմբերից Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է Վլադիմիր Բադալյանը: