«Չեմ կարող խաբել եւ ասել, թե երջանիկ եմ». Էռնա Յուզբաշյանը տոնում է բեմական գործունեության 35-ամյակը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Էռնա Յուզբաշյանը 35 տարի է՝ բեմում է: Երեւանյան սրճարաններից մեկում երեկ երգարվեստի իր ընկերների հետ երգչուհին երեկո անցկացրեց՝ կատարելով իր հիթերը:
Լրագրողների հետ զրույցում Էռնան անդրադարձավ վաստակավոր արտիստի կոչմանն՝ ասելով, որ դա իր համար հաճելի էր եւ անսպասելի միաժամանակ: Նա չցանկացավ մեկնաբանել իր հետ միասին նման կոչման արժանացած մյուս արտիստներին՝ խնդրելով իրեն նման պրովոկացիոն հարցեր չտալ:
Խոսելով իր 35 տարվա գործունեության մասին, երգչուհին նշեց, որ շատ բան է զոհաբերել հանուն դրա.
«Անձնական կյանքս, որը ես այդպես էլ չդասավորեցի: Չեմ կարող խաբել եւ ասել, թե երջանիկ եմ: Ես գտել եմ իմ երջանկությունն այն ռիթմի մեջ, որով հիմա ապրում եմ, ես երջանիկ եմ իմ աղջկանով, ես ուրախանում եմ իր հաջողություններով, յուրաքանչյուր լավ երգով, իմ ընկերներով, ուրախանում եմ, երբ ինչ-որ մեկի մոտ մի բան ստացվում է»,-ասաց նա՝ շարունակելով.
«Ես ուզում եմ երջանիկ լինել, ուզում եմ սիրահարվել: Լավ երգեր եմ ուզում, որոնք կգրեն ու կնվիրեն, ոչ թե կվաճառեն»:
Էռնա Յուզբաշյանի ստեղծագործական գործունեության 35-ամյակի երեկոյին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Ֆորշը, Ռաիսա Մկրտչյանը, Իրինա Դանիելյանը, Նառան եւ շոու-բիզնեսի այլ հայտնի դեմքեր, որոնց կտեսնեք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Էռնա Յուզբաշյանն իր բեմական գործունեության 35-ամյակի կապակցությամբ Հայաստանում հոբելյանական շրջագայություն կունենա: Նա համերգներով հանդես կգա Վանաձորում, Գյումրիում, Ստեփանակերտում եւ Երեւանում:
Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի

























