Մերաբովան, Պոզոյանը, Կաչարյանը, Արծվիկը, Լիլիթը եւ այլք` Երեւանում
LifestyleBravo.am-ը գրում է.
“Jazz Parking”-ը Հայաստանի անկախության օրվա առթիվ հյուրընկալվել էր Երեւանում: Ռուսաստանում ապրող եւ ստեղծագործող հայ արտիստները ելույթ են ունեցել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Թեեւ տեխնիկական պատճառներով համերգը փոքր-ինչ ուշ սկսվեց, երաժիշտներն արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Ելույթ են ունեցել “Ռուսաստանի ձայնը” եւ այլ նախագծերից հայտնի Մարգարիտա Պոզոյանը, Մարիամ Մերաբովան, Արտյոմ Կաչարյանը, Արծվիկը, Լիլիթ Հարությունյանը, Սամվել Վարդանյանը, Ալբերտ Մուսայելյանը, Մյուզիք Հայկը, Էդգար Հակոբյանը, Գայանա Զախարովան, Էդվարդ Խաչարյանը, Սյուզի Մխիթարյանը եւ այլք: Վոկալիստներին նվագակցել են “Jazz Parking” բենդի երաժիշտները՝ Արմեն Մերաբովը, Մանուկ Ղազարյանը, Դավիթ Սողոմոնյանցը:
Համերգավարներն էին Արման Մարգարյանն ու “Ջազ փարքինգ”-ի հիմնադիր եւ երաժշտական պրոդյուսեր Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը:“Ոմանք առաջին անգամ են հայրենիքում, հուզված ու հպարտ են, որ ելույթ են ունենում հայ հանդիսատեսի առջեւ ու կատարում են հայալեզու երգեր: Հավանաբար, նրանք այսքան չեն հուզվել, խնդրում ենք ներողամիտ լինել համերգի ուշացման համար”, - ասել է Անժելիկան ու հավելել.“Մի քանի մասնակից կյանքում առաջին անգամ են հայերեն երգում, հայերենին չեն տիրապետում, բայց այս ուղեւորությունից հետո որոշել են հայերեն սովորել”:
Հայ արտիստները կատարել են համաշխարհային հիթեր, իրենց հեղինակային նոր երգերը, հայկական հայտնի երգեր, նաեւ հնչեցրել են պրեմիերաներ: Մարիամ Մերաբովան ու Արտյոմ Կաչարյանը, Մարգարիտա Պոզոյանն ու Արծվիկը, Մյուզիք Հայկն ու Գայանան, Սամվել Վարդանյանն ու Ալբերտ Մուսայելյանը հանդես են եկել զուգերգերով:
2008 թվականին ստեղծված “Jazz Parking”-ը միավորում է տարբեր ազգերի երաժիշտներին: Արման Մարգարյանը նշել է, որ երաժշտական նախագիծը յուրահատուկ երեւույթ է եւ օգնում է բացահայտել երիտասարդ տաղանդներին.“Երբ Մոսկվայում էի բնակվում, համերգներին հաճախ ներկա էի լինում, երբեմն նաեւ Անժելիկայի հետ վարում: Համոզված եմ, որ նախագիծը երկար կյանք կունենա, եւ սա վերջին համերգը չէ Երեւանում”:
Մարիամ Մերաբովան Արտյոմ Կաչարյանի հետ հայտնի “Georgia”-ն կատարելուց հետո Արմեն Մերաբովի նվագակցությամբ ջազ իմպրովիզներով երգել է Արթուր Գրիգորյանի “Մեղեդի”-ն.“Երջանիկ եմ, որ կրկին այս բեմում եմ՝ իմ սիրելի բեմում: Ուրախ եմ, որ մեր նախագծի լավագույն մասնակիցները եկել են Հայաստան: Շնորհակալ եմ ձեր սիրո եւ մեծահոգության համար”:
Շարունակությունը՝ այստեղ


