ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցությունում ժառանգականներից մնաց մեկը
Аналитика«Հայր մեր, որ յերկինս ես….» տերունական աղոթքով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն հավատացող, սատարող բազմությանը տուն ուղարկեց՝ հավատացնելով, որ ոչ միայն Սարգսյանը, այլև Պուտինն ու Օբաման շուտով գալու են Ազատության հրապարակ ու իրեն դեռ պատասխան են տալու:
Պատասխանը, սակայն, ինչպեսև սպասվում էր, այս տարիների ընթացքում այդպես էլ չհնչեց և պայծառ ապագայի խոստումներով հարթակ բարձրացած Հովհաննիսյանը լքեց ոչ միայն ընտրությունների ժամանակ իրեն ձայն տված հասարակությանը, այլև սեփական կուսակիցներին: Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ հմուտ քաղաքական գործիչն իր կողմից աճեցրած ժառանգականներին կարող էր հրապարակավ ու արժանապատվորեն լքել՝ խոստովանելով, որ մեր իրականությունում իր նման կիրթ և դաստիարակված կերպարի համար շատ դժվար է եղել յուրային խաղալը: Բայց, տխուրն այն է, որ այս ընթացքում բազում առիթներ եղան համոզվելու, որ իրականում նա ոչ միայն իր կուսակցությունից դուրս էր օտար, այլ իր կուսակցության ներսում, քանի որ ազնիվ մարդը չէր կարող պատկերացնել, որ մինչ նա ԱՄՆ-ում իր հանգիստը կվայելի, իր կուսակցության անդամներն իր անունից ինչ ուզեն կանեն, հաստատ իմանալով, որ «պապան» ինչքան էլ զայրանա, միևնույնն է, չի պատժի:
Հայաստանյան իրականությունում, եթե այլ կուսակցություններ ավելի շատ մարդ-կուսակցության են նման, ապա «Ժառանգությունը» միակն էր, որ քաղաքական մոխրագույն կյանքին նոր երանգ ու գույն կարողացավ հաղորդել ու դրանով գրավել հասարակության ուշադրությունը: Քաղաքական ներկապնակում այս կուսակցությունը էլի եզակի էր նրանով, որ ոչ թե մեկ մարդու «դեմքով» էր ներկայանում հանրությանը, այլ տարբեր մարդկանց՝ դրանով ցույց տալով, որ կուսակցությունում պապաներ չկան, այլ կա գաղափար ու բազմակարծություն:
Բայց արի ու տես, որ այդ բազմակարծություն ասածը, ինչպես ամեն տեղ է, որոշ ժառանգականներ շփոթեցին զոռբայության հետ ու սկսվեց դասական դարձած ինքնափլուզումը: Սկզբում կուսակցության ԱԺ խմբակցությունում օտար մարմիններ հայտնվեցին, հետո հայտարարեցին, որ խմբակցության որոշումներն իրենց համար «օյին չեն», հետո էլ պարզվեց, որ «Ժառանգության» ցուցակի այդ օտար մարմիններն էլ իրենք իրենց առանձին օրակարգն ունեն: Հետո էլի մաս-մաս եղան ժառանգականներն ու այսօր «Ժառանգությունից» մնաց միայն ինքը` Զարուհի Փոստանջյանը, ով արդեն ստանձնել է խմբակցության ղեկավարությունը, բայց թե ում պետք է ղեկավարի, դեռ պարզ չէ: Բայց մեկ բան հաստատ է, որ եթե նրան հաջողվի գոնե իրեն պատշաճ ղեկավարել, էլի կարելի է համարել, որ «Ժառանգության» կողմից քաղաքականությանը ժառանգություն մնացած գույնը ոչ թե կորել է, այլ պարզապես այլ երանգ է ստացել:
Արմինե Գրիգորյան