Ճամբարակում դժգոհ են կաթի մթերման դիմաց չկատարված վճարումներից եւ մթերման ցածր գներից
ЭкономикаԳեղարքունիքի մարզի ճամբարակ քաղաքում անասնապահական տնտեսությունները դժգոհ են ինչպես մթերված կաթի դիմաց չկատարված վճարումներից, այնպես էլ` կաթի մթերման գնից, որը 120 դրամ է մեկ լիտր կաթի դիմաց:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, մթերող կազմակերպություններից մեկն արդեն չորրորդ ամիսն է, ինչ մթերվող կաթի դիմաց չի վճարում տնտեսություններին: «Ընդհահուր պարտքերը գերազանցում են 60-70 միլիոն դրամը: Որոշ տնտեսություններ կաթը մթերում են մեկ այլ կազմակերպությունում` հուսալով, որ կստանան իրենց փողերը: Բացի անասնակերի կուտակման խնդիրներից, այդ ընտանիքները բազում այլ հոգսեր էլ ունեն, սակայն նրանց ու քաղաքային իշխանությունների պահանջներն` իր իսկ պայմանագրային պարտավորությունները մթերող կազմակերպությունը չի կատարում: Գուցե թե գործը վերջանա դատական կարգով»,- նշեց քաղաքապետը:
Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն իր հերթին «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Ճամբարակում կ աթ մթերող մյուս կազմակերպությունը շահառուներին վճարում է յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` օրական մթերելով մինչեւ 6 տոննա կաթ:
«Հիմա կաթ մթերող երկու ընկերություններում էլ գործում է նույն գինը` 120 դրամը: Բնական է, որ մթերված կաթի դիմաց չվճարվելու դեպքում տնտեսությունները կկայացնեն այլ որոշում: Պայմանագրով ընկերություններից մեկը պարտավորվում է մթերվող կաթի դիմաց վճարումը կատարել ամենաուշը երկու շաբաթվա ընթացքում: Անցել է ութ անգամ երկու շաբաթ, բայց իրավիճակը չի շտկվում»,- հայտնեց Մամիկոն Խեչոյանը:
Տնտեսությունները դժգոհ ե ն նաեւ մթերման գործող գնից` 120 դրամից` գտնելով, որ նման պայմաններում անասնապահությունը Ճամբարակի տարածաշրջանում դառնում է անեկամտաբեր: Այս դեպքում արդեն անհանգստացնում է անասնագլխաքանակի կրճատման հնարավոր վտանգը, որքան էլ տնտեսությունները դժվարությամբ կուտակել են ձմռան անասնակերի պաշարը: «Եթե առաջիկայում կաթի մթերման գների բարձրացում տեղի չունենա, կթի կովերի գլխաքանակի նվազում տեղի կունենա կաթի ցածր գնի, այլ ոչ թե անասնակերի պակասի պատճառով: Մեկ հակ խոտը մարդիկ գնում են 1000-1200 դրամով, կամ սեփական խոտհարքերից տուն հասցնում մեծ ծախսերով: Եթե եկամտաբերություն չունեցան, բնական է, որ կհրաժարվեն կաթնատու կովեր պահելուց` նախապատվությունը տալով մսի արտադրությանը:Հույս ունենք, որ կաթի արտադրության նվազմանը զուգահեռ մթերման գները կբարձրանան, եւ կպահպանենք անասնագլխաքանակի ավելացման միտումը»,- իր կարծիքն արտահայտեց Ճամբարակի քաղաքապետը:
Խոսրով Խլղաթյան