Թեհրանում ՀՀ դեսպանատունն Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպվել
ОбществоԹեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում սեպտեմբերի 21-ին Իրանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին 500-ից ավելի հյուրեր, այդ թվում` Իրանի պետական, ռազմական, քաղաքական և հասարակական գործիչներ, Մեջլիսի պատգամավորներ, տեղական իշխանությունների ղեկավարներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների տասնյակ անդամներ, արվեստի, գիտության և տնտեսության ոլորտների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, իրանահայ համայնքի երեք թեմերի առաջնորդները, բազմաթիվ իրանահայեր:
ՀՀ և ԻԻՀ պետական օրհներգերի` Ռազմիկ Օհանյանի ղեկավարած երգչախմբի կենդանի կատարումից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով է դիմել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Դեսպան Թումանյանն իր ելույթում ամփոփ ներկայացրել է ՀՀ անկախության 24 տարիների ձեռքբերումներն ու հաջողությունները` միևնույն ժամանակ ընդգծելով, որ անկախությունը ձեռք է բերվել մաքառումների, մեծ դժվարությունների ու զոհողությունների գնով:
Միջոցառմանը Իրանի կառավարության անունից հայ ժողովրդին Անկախության տարեդարձի առթիվ շնորհավորել է Իրանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Սաթթար Մահմուդին, ով իր շնորահավորական խոսքում անդրադարձել է երկու երկրների բարեկամական կապերին, որոնք արդեն 24 տարի զարգանում են վերընթաց ուղով:
Երեկոն ուղեկցվել է իրանահայ երաժիշտների՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով:
Նախորդ օրը` սեպտեմբերի 20-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, հընթացս սուրբ պատարագի, կատարվել էր Հայրապետական մաղթանք՝ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ: Կրոնական արարողությունը նախագահել և օրվա առիթով քարոզել էր Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Տեղի էր ունեցել Հայոց եռագույն դրոշի օրհնման հանդիսավոր արարողություն, որից հետո Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանում կայացել էր պաշտոնական ընդունելություն: