Համահայկական մշակութային փառատոնը կմիավորի աշխարհի 14 երկրների երաժիշտների
КультураՀամահայկական մշակութային փառատոնը կմիավորի աշխարհի տարբեր երկրներում բնակվող երաժիշտների: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրերը Հայաստանում և «Երգում ենք Կոմիտաս» փառատոնը, որին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ:
«Սեպտեմբերի 24-27-ը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող Համահայկական մշակութային փառատոնը կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումների շրջանակներում»,- նշեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:
Միջոցառումներին կմասնակցի 13 մենակատար 9 երկրից և 10 երգչախումբ՝ 6 երկրից: Ելույթ կունենան Հորդանանի ազգային նվագախումբը` Հորդանանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Մուհամմեդ Օթմանի գլխավորությամբ, Ճապոնիայից՝ Ուլալա Ինոուեն և Ստոկհոլմից՝ Վիլլունդ Անն-Քրիստինե Օտիլիան:
Մելիքյանն ընգծեց, որ ծրագրի նպատակը Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնումն է և Սփյուռքում հայ երգարվեստի, մշակութային ինքնության պահմանումն ու ամրապնդումը:
«Համահայկական մշակութային փառատոնի նախաձեռնումը նպաստեց, որ հայ երգը և հայ մշակույթը աննախադեպ տարածում ստանան ամբողջ աշխարհում: Ըստ էության` աշխարհը ոչ միայն ճանաչում է Կոմիտասին՝ որպես մեր ազգային երգի արքայի, այլև ճանաչում է մեզ, մեր խնդիրները, մեր առջև դրված մարտահրավերները:
Կարծում եմ` պատահական չէ, որ սփյուռքահայ երաժիշտների հետ հանդես կգան օտարազգի երաժիշտներ: Այստեղ է գտնվում Հորդանանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Մուհամմեդ Օթմանը, որի մասնակցությունը Համահայկական մշակութային փառատոնին վկայո ւմ է այս փառատոնի նշանակության գիտակցումը նաև օտարների կողմից», - շեշտեց սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Նա կարևորեց Համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող` «Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր Հայաստանում» միջոցառումը՝ նշելով, որ Պոլսահայ մշակույթի օրերը հատուկ նշանակություն են ձեռք բերում Ցեղասպանության 100-րդ տարելիցին` դառնալով մեր վերազարթոնքի յուրօրինակ վկայությունը: