ՀՀ Նախագահը Գյումրիում մասնակցում է կաթողիկե առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցու օծմանը
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում մասնակցում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Գյումրի է ժամանել Հռոմի Պապի ներկայացուցիչ, Արևելյան կաթողիկե եկեղեցիների ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրին: Պ ապի ներկայացուցիչն առաջնորդանիստ եկեղեցին օծում է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի համանախագահությամբ: Արարողությանը մասնակցում են նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, պապական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին, հայ կաթողիկե եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ, հայ կաթողիկե համայնքների ղեկավարներ, Անարատ Հղության հայ քույրեր, Գթության միսիոներ քույրեր:
Կաթոլիկ առաջնորդարանի երգչախմբի կատարմամբ հնչում են հոգևոր երգեր. օծման տեքստերն ընթերցվում են հայերեն, իտալերեն, անգլերեն: Օծվում են եկեղեցու սյուների, կողմերի ու դռների 18 խաչերը:
Արարողությանը ներկա են քույր եկեղեցիների հոգևոր հայրեր, Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներ: