Մասնագետները առաջարկում են ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի միասնական կառավարող օպերատոր հիմնել
ОбществоՀայաստանում ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի ռազմավարության վերաբերյալ մշակվող փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է, որում ներառվել են իտալական խորհրդատվական ընկերության առաջարկությունները: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում սեպտեմբերի 24-ին կայացավ «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի ռազմավարությոն» խորագրով հանդիպումը, որին մասնակցում էին փոխնախարար Արեգ Գալստյանը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները, իտալական ITER-Consult կոնսորցիումի անդամները:
Արմենպրեսի փոխանցմամբ` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում փաստաթղթի մշակման աշխատանքները մեկնարկել են 2013 թվականի սեպտեմբերին: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Նշյալ փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման համար ԵՄ-ն պայմանագիր էր կնքել իտալական ITER-Consult ընկերության հետ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԷՊԲ փոխնախարար Արեգ Գալստյանը, կատարվել է կարևոր աշխատանք, առաջարկություններ են ներկայացվել, որոնք էլ զետեղվել են պատրաստվող փաստաթղթում: «Սա մի ուղղություն է, որին ամբողջ աշխարհում մեծ ուշադրություն են դարձնում: Այն շատ կարևորվում է նաև ՄԱԳԱՏԷ-ի կողմից: Մենք, իհարկե, բոլոր ցիկլերում աշխատանքը կատարում ենք բարձր մակարդակով, լավ մասնագետներ են աշխատում, բայց բոլոր դեպքերում ճիշտ կլիներ, որ ինստիտուտցիոնալ փոփոխություններ կատարենք ու ավելի կոնսոլիդացված ձևով գործընթացն իրականացնենք» ,-ասաց փոխնախարարը` հավելելով, որ առաջարկություններից մեկը` իրագործել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի միասնական և կենտրոնացված կառավարումը, ընդունվել է և ներդրվել փաստաթղթում: «Պետք է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ազգային օպերատորի գաղափարը իրագործվի, միայն այդ կառույցը պատասխանատու կլինի ամբողջ գործընթացի կատարման համար: Այդ սկզբունքն օգտագործվում է մի շարք զարգացած երկրներում, որը բավականին ադյունավետ է: Մեզ մոտ դրա կատարման տեսանկյունից իրավական ու տեխնիկական բնույթի խ ոչընդոտներ չեմ տեսնում»,-հայտնեց փոխանախարարը: Նա հույս հայտեց, որ ՀՀ կառավարությունը ևս հավանություն կտա փաստաթղթին, երբ այն ներկայացվի գործադիրին:
Նրա խոսքով` նշյալ համակարգը իրականություն դարձնելու համար կան մասնագետներ, համապատասխան կառույցները և տարածքներ: Պարզապես անհրաժեշտ է, որ այդ կառույցներից մեկին տրվի հանձնարարական համապատասխան ֆինանսական, տեխնիկական, մարդկային ռեսուրսներ, որ շղթայական ողջ գործընթացը կանոնակարգվի:
Փոխնախարարը շեշտեց նաև, որ թափոնների հետ աշխատանքն ամենօրյա է: Իրենք նաև մտածում են երկարաժամկետ հեռանկարում հնարավոր խնդիրների մասին և թափոնների վերջնական թաղման գործընթացի մանրամասներն են ճշտում: «Ուսումնասիրվել է մի շարք երկրների դրական ու բացասական փորձը, դա երկարատև հեռանկարի համար, բայց մենք այժմվանից մտածում ենք մի քանի տասնյակ տարիներ հետ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն»,-ասաց Արեգ Գալստյանը` ավելացնելով, այդ հարցերում սերտ համագործակցում են ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստ են չլուծված խնդիրների կամ հարցերի դեպքում շարունակել աշխատանքը:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ-ում նորմատիվ-իրավական փաստաթղթերի վերլուծություն` համեմատելով այն միջազգային փորձի հետ, որի արդյունքում ՀՀ նորմատիվ դաշտը բարելավելու նպատակով տրվել են առաջարկություններ: Ծրագրի ընթացքում մշակվել է նաև թափոնների հաշվառման ու վերահսկման էլեկտրոնային միասնական համակարգ: