Ձեռնարկատերերը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ընկալում են որպես բեռ. Երևանում կոնֆերանս կանցկացվի
ОбществоՀայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտը բարելավման կարիք ունի: Այս նպատակով Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի գործատուների միության կողմից Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ կոնֆերանս կանցկացվի:
Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Ֆրանսիայի դեսպանատան հետ հանդիպումներն ու նամակագրությունները բերեցին նրան, որ մենք կոնֆերանս անցկացնենք Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության թեմայով: Կա միջազգային ISO 26000 ստանդարտը, որը համակարգում է սոցիալական պատասխանատվության ոլորտի խնդիրները, որոնք առնչվում են ընդհանուր կոնցեպտներին: Համակարգվում են այնպիսի խնդիրներ, որոնց մեծ մասն առկա է նաև Հայաստանում»,- հավելեց նա` նաև նշելով, որ գործարարների` սոցիալական պատասխանատվության մասին գրագիտության պակասը, բիզնեսոլորտում տիրող անհավասար մրցակցային իրավիճակը, կոռուպցիան, բարոյական նորմերի խախտումը խոչընդոտում են սոցիալական պատասխանատվության ոլորտի զարգացման համար, գործարարներն էլ զբաղված են լինում տարբեր խնդիրներ լուծելով և չեն մտածում սոցիալական պատասխանատվության խնդիրների լուծման ուղղությամբ:
Ֆրանսիայի դեսպանության տնտեսական ծրագրերի համակարգող Ժան Միշել Կասպարյանն էլ նշեց, որ ինչպես Հայաստանում այնպես էլ Ֆրանսիայում և շատ այլ երկներում ձեռնարկատերերը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ընկալում են բարեգործություն, բեռ կամ պարտադրանք:
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում շրջակա միջավայրի հարցը շատ կարևոր է: Կազմակերպելով կոնֆերանսը` մենք ուզում ենք ձեռնարկատերերին ցույց տալ, որ սոցիալական պատասխանատվությունը նաև լավ հնարավորություն է, ձեռնարկությունների զարգացման համար, որը թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր, հնարավորություն կտա նաև բավարարելու հաճախորդների առաջ բերած նոր պահանջները»,- հավելեց նա:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության թեմայով կոնֆերանսը կանցկացվի հոկտեմբերի 2-ին Ֆրանսիական համալսարանում: