Մյուռոնօրհնեքը 2015-ին սկիզբ առած վերազարթոնքի խորհրդի շարունակությունն է
ОбществоՀայ Առաքելական եկեղեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում առանցքային է համարում 7 իրադարձությունների անցկացումը: Ինչպես «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Հայեցակարգային գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, այդ միջոցառումներն ուղղված են եղել ոչ միայն հայաստանյան ներքին լսարանին, այլ կարևոր են համաշխարհային դաշտում, հատկապես միջեկեղեցական, միջկրոնական հարթության մեջ: Սրբազանի խոսքով` տարին սկսվեց Վեհափառ Հայրապետի հայրապետական կոնդակով, որ մատնաշում էր հայության քայլերի ուղղությունները:
«Կարևոր իրադարձություն էր Հայոց ցեղասպանության նահատակների Սրբադասումը, որը կատարվեց 2015-ի ապրիլի 23-ին: Բնականաբար, դա երկու իմաստ ուներ. նախ վերականգնվեց այն ճշմարտությունը, որը յուրաքանչուր հայի ենթագիտակցության մեջ կա` սրբադասված նախնիների իրականությունը, որը եկեղեցին վավերացրեց ու նրանց սրբեր հռչակեց: Երկրորդն էլ Սրբադասման կարգի վերականգնումն էր 600 տարվա դադարից հետո»,- նշեց Բագրատ Սրբազանը:
Մյուս իրադարձությունը, որ մատնանշեց հոգևորականը, Վատիկանում մատուցված պատարագն էր Հռոմի պապի կողմից, որն ուներ ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական կարևոր նշանակություն: Հռոմի պապն իր պատգամում Հայոց ցեղասպանությունը որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Բագրատ Սրբազանն անդրադարձավ Վաշինգտոնում անցկացված միջեկեղեցական հավաքին, «Եկեղեցիններն ընդդեմ մարդկային ցեղասպանության. մարդկային կյանքը Աստծո պարգև» խորագրով երևանյան միջեկեղեցական նիստին, որոնք դատապարտեցին Հայոց ցեղասպանության իրողությունը:
«Այս ծիրից ներս որոշակի պատրաստություններ են տեսնվում. փաստաթղթեր են պատրաստվում Արևմտյան Հայաստանում, հատկապես, Էջմիածնապատկան եկեղեցիների կալվածքների ցանկը կազմելու ուղղությամբ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար` դրանք պահանջելու կամ փոխհատուցում ստանալո ւ նպատակով»,-հայտնեց Սրբազանը:
Նրա կողմից մատնանշված միջոցառումներից վերջինն էլ սեպտեմբերի 27-ին սպասվելիք Սրբալույս Մյուռնի օրհնությունն է:
«Մյուռոնօրհնեքը, որը աստվածային նախախնամությամբ համընկավ 2015-ին, վերազարթնումի, վերականգնումի մեծ խորհրդի շարունակությունն է»,- ավելացրեց Սրբազան Հայրը: