Քսան երկրի 1200 վազորդներ կմասնակցեն Երևանի կիսամարաթոնին
ОбществоՀայաստանում առաջին անգամ իրականացվող Երևան կիսամարաթոնին արդեն գրանցվել են 20 երկրի վազորդներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Երևանի կիսամարաթոնի ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:
«Մասնակցության հայտերը լրացրել են արդեն 1200 մասնակիցներ Հայաստանից և այլ երկրներից: Չորս բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցելու են վազքին, և դրանով նրանք ցանկանում են հանրության ուշադրությունը հրավիրել առկա խնդիրների և կատարվող ծրագրերի նկատմամբ: Վազքին մասնակցելու են նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ անցնելով 2 կմ», - նշեց Երևանի կիսամարաթոնի ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:
Վազքին մասնակցելու են հաշմանդամություն ունեցող 30 վազորդներ, ովքեր ներկայացնում են «Սատար» ՀԿ-ն: Կիսամարաթոնի վազքուղին սկսվելու է Ստեփան Շահումյանի անվ. Հրապարակից և անցնելու Երևանի տեսարժան վայրերով: Մրցույթն ունի չորս տարբեր մրցուղիներ՝ 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ, 1 կմ (մանկական) երկարությամբ:
«Սա մի վառ օրինակ է` համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում ստեղծված ծրագրի: Կարծում եմ, որ շատ հաջողված ծրագիր է լինելու, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը Երևանում, խթանել մարզական տուրիզմը Երևան այցելող տուրիստների համար և ստեղծել իրենց համար բարենպաստ պայմաններ, որպեսզի իրենք նույնիսկ վազքի ընթացքում կարողանան ծանոթանալ Երևանի գեղատեսիլ վայրերին, - ասաց Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հավելեց, որ չորս վազքուղիները տարբեր ֆիզիկական պատրաստություն ունեցող մարդկանց հնարավորություն կտան մասնակցել կիսամարաթոնին: