Հետազոտություն. Նորածինները ծնողներին հատուկ են ստիպում ժպտալ
Lifestylenews.am-ը գրում է.
Փոքրիկները ժպտում են՝ ոչ թե արձագանքելով ծնողների դեմքի արտահայտությանը, ինչպես նախկինում էր համարվում, այլ հարմար պահ ընտրելով, որպեսզի մայրն ու հայրն ի պատասխան հնարավորինս երկար ու լայն ժպտան: Այսպիսի եզրահանգման են եկել Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները:
Նրանք մինչեւ 4 ամսական փոքրիկ ունեցող 13 մայրերի եւ նորածնի պահվածքով ծրագրավորված ռոբոտների հետ փոխգործակցող 32 կամավորի մասնակցությամբ գիտափորձ են անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են PLоS ONE ամսագրում:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, հատուկ ալգորիթմների օգնությամբ գիտնականները պարզել են, որ 13 դեպքերից 11-ում երեխաների ժպիտը կանխամտածված է: Փոքրիկները կարծես զգում են, թե որ պահին են իրենց մայրերն ավելի հակված ժպտալու, եւ ժպտում են՝ առավելագույն արդյունքի հասնելով: