«Ինձ համար կոչումները ձեռքբերում չեն, այլ ձեր ծափերը»․ Հրանտ Թոխատյան
LifestyleNews.am-ը գրում է.
«Ինձ համար կոչումները ձեռքբերում չեն, այլ ձեր ծափերը»․ այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը, ով վերջերս արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։
Մեր հարցին՝ սպասու՞մ էր այդ կոչմանը, Թոխատյանը պատասխանեց․
«Երբ որ դերասանը սպասում է մեդալների եւ կոչումների, ինքը պետք է զբաղվի մեդալներով եւ կոչումներով, իսկ ես զբաղվում եմ իմ մասնագիտությամբ։ Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը ձեր ծափերն են, ոչ թե կոչումները»։
Խոսելով «Վերջին Մոհիկյանը» ռուսական հեռուստասերիալի մասին, որտեղ Հրանտ Թոխատյանը մարմնավորում է գլխավոր հերոսին, նա ասաց, որ իր համար հեշտ է աշխատելը ռուսների հետ։
«Նախ, որովհետեւ ինձ համար կողմնակի միջավայր չէր, ես ծագումով Սովետական միությունից եմ։ Հետո՝ Մոսկվայում մինչ այդ աշխատել եմ, աշխատում եմ եւ հուսով եմ՝ կաշխատեմ»։

Դերասանը խոստովանեց նաեւ, որ «Վերջին Մոհիկյանում» նկարահանվելով՝ իր համար նոր դպրոց է բացահայտել։
«Ինձ համար բացահայտել եմ նոր դպրոց, նոր մոտեցում, որովհետեւ բավականին երիտասարդ դերասաններ կան։ Մեր նկարահանման խմբում ես ամենատարիքովն եմ, դա ինձ համար շատ հետաքրքիր է։ Կարեւորը՝ շատ պրոֆեսիոնալ են, թե' դերասանները, թե' նկարահանող խումբը»,-ասաց նա։
Երեկ տեղի է ունեցել «Առանց սահմանների» ֆիլմի երեւանյան պրեմիերան, որտեղ Հրանտ Թոխատյանը չորս պատմություններից մեկի գլխավոր հերոսն է։ Մեր դիտարկմանը, թե այդ հերոսը շատ նման է «Վերջին Մոհիկյանի» հերոսին, Հրանտ Թոխատյանը պատասխանեց։
«Ինքը Մեր բակի Հրանտին էլ է նման։ Այո', ես չեմ ամաչում ասել, որ նման են։ Ես իմաստ չտեսա դուրս գալու այդ կերպարից։ Նախ, որովհետեւ, մինչեւ «Մոհիկյանը», այս ֆիլմի իդեան շատ ավելի շուտ էր առաջացել, հետո էլ ես եւ պրոդյուսերը՝ Էդուարդ Իլոյանը, միասին գտանք, որ պետք չէ նոր բաներ որոնել, որովհետեւ գտածն արժեր օգտագործել հիմա արդեն մեծ էկրանին։ Ի վերջո, հեռուստաէկրանը եւ մեծ էկրանը տարբերվում են իրարից։ Հույս ունեմ, որ երբեւիցե «Մոհիկյանը» կբարձրանա մեծ էկրան»։
Զրուցեց Շուշան Շատիկյանը
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի