Ոստիկանության երեք ծառայողներ կենթարկվեն կարգապահական պատասխանատվության
ОбществоՈստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքը անձնակազմի մասնագիտական և անձնային որակների կատարելագործման, կարգապահության մակարդակի բարձրացման, օրինականության խախտումների բացառման ուղղությամբ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս ընդգծել է՝ բարեփոխումների երկրորդ փուլում գտնվող համակարգն առաջին հերթին է շահագրգռված ազատվելու բոլոր նրանցից, ովքեր ապօրինի գործողություններով արատավորում են ոստիկանության հեղինակությունը, ոստիկանի պատիվը, խոչընդոտում հանրային վստահության ամրապնդման ընթացքին:
Այս խնդիրների լուծմանը կոչված կարևոր կառույցներից մեկի՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցել են ոստիկանության շտաբի, իրավաբանական, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ներքին անվտանգության վարչությունների պետերը, ՀՀ կառավարության պետաիրավական վարչության պետը և հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 հասարակական միավորումների ներկայացուցիչները:
Հանձնաժողովի նիստն ընթացել ՀՀ կառավարության կողմից սահմանված ընթացակարգով: Օրակարգի համաձայն՝ հանձնաժողովը քննության է առել կարգապահական կոպիտ խախտումներ թույլ տալու մեջ մեղադրվող՝ Պետական պահպանութ յան գլխավոր վարչության մեկ և Ճանապարհային ոստիկանության 2 ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ կազմված եզրակացությունները:
Հանձնաժողովը, ուսումնասիրելով նյութերը, համապատասխան փաստական հանգամանքները պարզելուց հետո, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն որոշում է կայացրել միջնորդել ոստիկանության պետին` ոստիկանության երեք ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Ընդ որում, նրանցից երկուսի նկատմամբ առաջարկվել է կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: