Մենք աղոթում ենք խաղաղության համար, բայց պատրաստ ենք արժանի պատասխան տալ. Պարգև սրբազան
ОбществоՀոգևորականներն աղոթում են, որ խաղաղություն լինի, ոչ թե պատերազմ, բայց եթե ադրբեջանական կողմը շարունակի ագրեսիվ քայլեր ձեռնարկել, հայերի պատասխանն էլ երբեք չի ուշանա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, երբ անգամ թնդանոթ է օգտագործվում, գրեթե պատերազմի մասին են վկայում: «Մենք էլ ստիպված ենք պաշտպանվել, հակադարձել, բայց զոհողությունների գնով: Ցավոք սրտի, այս լարվածությունը կարող է հանգեցնել պատերազմի, մենք ստիպված պիտի լինենք մեր բոլոր միջոցներով պաշտպանվել, դա մեր իրավունքն է»,-ասաց Պարգև սրբազանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք կարող են հայ հոգևորականները ադրբեջանցիների հոգևոր առաջնորդի միջոցով խաղաղության կոչ անել` Պարգև սրբազանը նշեց. «Եղել են հանդիպումներ մեր կաթողիկոսի և Ադրբեջանի կրոնապետի միջև, ես չեմ կարծում, որ Ադրբեջանի կրոնապետը կամենում է պատերազմ, դա նրա գործը չէ, դա նրանց քաղաքական առաջնորդների գործն է: Ինքն էլ երևի փորձել է թույլ չտալ, բայց ես չեմ կարծում, որ նա այնքան լծակ ունի, որ կտրուկ ձևով ազդի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա, ցավոք սրտի»:
Դեռևս սեպտեմբերի առաջին օրերից սահմանային լարվածություն հրահրող ադրբեջանական կողմը վերջին երկու օրերին կոպտորեն խախտում է հրադադարի ռեժիմը` թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման ենթարկելով ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել 4 ժամկետային զինծառայողներ, 16-ն էլ վիրավորվել են, նրանցից 4-ի վիճակը կայուն ծանր է:
Մինչ այդ էլ ադրբեջանական կողմը կրակահերթերի տակ է պահել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ շրջանները, որի պատճառով մահացել է 3 քաղաքացիական անձ, վիրավորում է ստացել 4 մարդ: