«Այդ օրվանից այլևս չեմ գնացել Հանրային հեռուստաընկերություն». հաղորդավար Արտակ Վարդանյան
LifestyleԱյս հաղորդավարի դրական կերպարն ու թվացյալ մանկական հայացքը երբեմն թույլ չեն տալիս ընկալել նրան՝ որպես տարիների փորձ ունեցող հաղորդավարի, ով իր առաջին քայլերը հեռուստատեսությունում սկսել է դեռևս 12 տարեկանից: Այսօր նա վարում է «Երեկոյան Երևան» ծրագիրը: Նա «մի ամբողջ» 26 տարեկան է և ամենալուրջ հարցերի շուրջ խոսում է իրեն հատուկ պարզությամբ: Իսկ զրույցի ընթացքում պարբերաբար խնդրում է՝ առանց ամաչելու և կաշկանդվելու, իրերն անվանել իրենց անուններով. «Նկատի ունեք՝ մանկական հայա՞ցք ունեմ: Այո, մի ամաչեք, ես արդեն սովոր եմ այդ տեսակետին»,- զրույցի ընթացքում հերթական հարցիս «խուճուճ» ձևակերպումը կեսից ընդհատում է Արտակ Վարդանյանն ու հավելում, որ մինչ օրս էլ իրեն երբեմն դիմում են «վայ, բալիկ ջան» խոսքերով:

– Ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում, այն էլ՝ 12 տարեկան հասակում:
– 12 տարեկանից հեռուստատեսությունում եմ եղել, բայց համարում եմ, որ իմ աշխատանքն այնտեղսկսվել է 16 տարեկանից, երբ «Հ1»-ով վարում էի «Մենք ենք» տարածաշրջանային (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) հաղորդումը: Այդ հաղորդման շնորհիվ ես հասկացա, թե ի՞նչ է ժուռնալիստիկան, և սիրեցի այն:
– Նշեցիք, որ 12 տարեկանից եթերում եք: Իսկ ո՞վ է Ձեզ «բերել եթեր»:
– Երբ տանը նստած՝ առաջին անգամ տեսա այն տարիներին դեռևս նորաբաց «Հայրենիք» մանկական ալիքը և լսեցի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են հաղորդավարներ, խնդրեցի մայրիկիս, որ ինձ ևս տանի հեռուստատեսություն՝ քաստինգի մասնակցելու: Հետագայում արդեն իմ ընտանիքի անդամները դեմ էին լրագրող դառնալու իմ որոշմանը: Նրանք ուզում էին, որ ես «խելքը գլխին» մասնագիտություն ընտրեի՝ իրավաբան, բժիշկ… Ամեն մասնագիտություն պատկերացնում էին նրանք, բայց ոչ՝ հաղորդավար կամ լրագրող: Նրանք համարում էին, որ այն ոչ եկամտաբեր մասնագիտություն է:

– Նրանք իրավացի՞ էին:
– Ո՛չ, իրենք սխալ էին: Երբ ասում ենք՝ եկամտաբեր մասնագիտություն, պետք է առաջին հերթին՝ հաշվի առնենք, թե որքան ես սիրում ընտրածդ մասնագիտությունը: Մի օր՝ շատ, մի օր՝ քիչ, բայց ես այսօր իմ աշխատանքը մեծ սիրով եմ կատարում:
– Այժմ Դուք խորին վստահությամբ և հպարտությամբ խոսում եք սիրած աշխատանքի ընտրության մասին: Դուք դեռ երիտասարդ եք, չունեք ընտանիք, կարող եք Ձեզ թույլ տալ աշխատել՝ որքան որ կամենում եք: Ինչպե՞ս եք վարվելու, երբ ունենաք ընտանիք, որի ֆինանսական կարիքներն ամբողջովին պիտի հոգաք: Կկատարե՞ք գումար բերող, սակայն չսիրված աշխատանք՝ այն միակ և պարզ պատճառով, որ «պետք է»:
– Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ անում ենք որոշ գործողություններ՝ չսիրելով: Այսօր ևս ինձ կարող են հրավիրել՝ վարելու ինչ-որ միջոցառում, որն այդքան էլ իմ սրտով չէ, բայց ես անում եմ այն հաճույքով, քանի որ իմ բնագավառն է:
– Այլ կերպ ասած՝ ինքներդ Ձեզ հետ կոմպրոմիսների եք գնում: Չե՞ք վախենում կորցնել Ձեր «եսը»:
– Երբեք կոմպրոմիսների գնալու խնդիր չեմ ունեցել: Ինձ համար դժվար չէ զիջել, ասել. «Դու ճիշտ ես»: Նույնիսկ համոզված լինելով, որ ես ճիշտ եմ, երբեմն լռել եմ այդ մասին:
– Ի՞նչն է ստիպում երիտասարդ տղային՝ շարունակ զիջել կամ, թեկուզ հանուն «խաղաղության», ընդունել, որ դիմացինն իրավացի է: Ինչո՞ւ եք այդպես վարվում:
– Ժամանակի վատնումն է ստիպում: Ինչո՞ւ պետք է ես որևէ մեկին համոզեմ, որ ես եմ ճիշտ:
– Նույն կերպ եք վարվում նաև գլխավոր խմբագիրների և տնօրենների պարագայո՞ւմ:
– Ինչո՞ւ՝ ոչ: Ի վերջո, դա աշխատանքային պրոցես է, որտեղ կարող են լինել քննարկումներ, փոխզիջումների գնալու տարբերակներ… Ես լավատես եմ: Սկզբում իմ բոլոր խմբագիրները դեմ էին հաղորդավար դառնալու իմ որոշմանը: Նրանք ասում էին, որ ես շատ լավ լրագրող եմ, որ կադրից դուրս շատ լավ եմ կատարում իմ աշխատանքը, որ չարժե թողնել այդ ամենն ու մտնել կադր: Նրանք չէին ուզում, որ ես զբաղվեմ, ինչպես իրենք էին նշում՝ «պոպսա գործով»:
– Եվ ինչո՞ւ որոշեցիք զբաղվել «պոպսա գործով»: Չափազանց մե՞ծ էր կադրում երևալու ձգտումը: Առհասարակ ինչո՞ւ եք ուզում լինել կարդում:
– Եթե կարճ պատասխանեմ՝որովհետև սիրում եմ:
Շարունկությունն՝ այստեղ: