ՏԿԱԻՆ-ը գործարկել է կենտրոնացված ազդարարման համակարգ
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 28-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:
Սերգեյ Ազարյանը զեկուցել է նաև նորաստեղծ կենտրոնացված ազդարարման համակարգի գործարկման մասին։ Շնորհիվ նոր համակարգի, հանրապետության 21 համայնքներ միացվել են Երևանին: Այսուհետ ՏԿԱԻ նախարարությունը Հանրային և «Արմենիա» հեռուստաընկերություններով անհրաժեշտության դեպքում կարող է անմիջապես եթեր ստանալ: Համակարգն ստեղծվել է ռուս գործընկերների օգնությամբ, ինչի համար նախարար Արմեն Երցիյանը «Հեռագրային սարքավորումների Կալուգայի գործարանի» գլխավոր տնօրեն Սերգեյ Դուտովին պարգևատրել է ՀՀ ՏԿԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:
«Շատ հաճելի է այս համեստ աշխատանքի համար նման բարձր գնահատականի արժանացումը: Առանց հայ մասնագետների նման արդյունք ապահովելը շատ դժվար կլիներ մեզ համար: Այսօրինակ համագործակցությունը ևս մեկ անգամ վկայում է հայ-ռուսկան ամուր կապերի առկայության մասին», - շնորհակալական խոսքում ընդգծել է ՍերգեյԴուտովը:
Ցուցաբերած օժանդակության համար ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով ռուս գործընկերներին` նախարար Արմեն Երիցյանն ասել է, որ հետագայում համակարգը կմիացվի նաև մյուս հեռուստաընկերություններին:
Նախարար Արմեն Երիցյանի մեկ այլ հրամանով` Կոտայքի ՄՓՎ Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Էդիկ Հակոբյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում, իսկ Երևանի փրկարար վարչության ՀՀՋ խմբի հրամանատար, փ/ծ կապիտան Արման Գրիգորյանը և ԵՓՎ Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ հրամանատար-բաժնի պետի տեղակալ, փ/ծ կապիտան Նորայր Հարությունյանը պարգևատրվել են «Անվեհեր փրկարար» մեդալներով:
Խորհրդակցության ընթացքում «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնել է, որ ֆրանսիացի գործընկերների հետ շարունակվում են աշխատանքները Գառնիի Երկրաֆիզիկական դիտարանի Վայքի սեյսմիկ կայանափնջի ընդունող համակարգը շենքում մոնտաժելու ուղղությամբ, իսկ ռուս գործընկերների հետ համագործակցում են` Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղադրված դեֆորմոգրաֆի գրանցող սարքը նոր սարքով փոխարինելու նպատակով:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ մարզերի մեծ մասում, իսկ ամսվա սկզբին առանձին մասերում սպասվում են տեղումներ: Ամսի 3-ից կնկատվի 3-4 աստիճան ջերմաստիճանի նվազում, իսկ ողջ ամսվա ընթացքում հանրապետությունում կգրանցվի աշնանային զով ջերմաստիճան:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում Արագածոտնի և Շիրակի տարածքում գործել է 11 հակակարկտային կայան, իրականցվել է մոտ 1200 կրակոց:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։