Երվանդ Քոչարի թանգարանին է նվիրաբերվել արվեստագետ Գևորգ Զաքարյանի դիմաքանդակը
КультураԻտալիայում ՀՀ դեսպանությունում կայացել է Երվանդ Քոչարի թանգարանին նվիրատվության արարողություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, Հռոմում բնակվող Պաոլո Զաքարյանը համաձայնվել էր Երվանդ Քոչարի թանգարանին նվիրել իր հոր՝ Գևորգ Զաքարյանի դիմաքանդա կը, որը հայտնի արվեստագետը ստեղծել էր 1922-23թթ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում եղած ժամանակ:
Արարողությանը ներկա են եղել Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը, վարպետի թոռ Կարինե Քոչարը և վերջինիս պատանի դուստրերը, Պաոլո Զաքարյանը, ՀԲԸՄ Միլանի մասնաճյուղի ղեկավար, Իտալիայի հայերի միության խորհրդական-քարտուղար Կեկել Խաչատրյանը: Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն իր խոսքում բարձր է գնահատել Պաոլո Զաքարյանի՝ հոր դիմաքանդակը թանգարանին նվիրաբերելու որոշումը: Նա կարևորել է աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային արժեքների վերադարձը հայրենիք և վստահելի ու պրոֆեսիոնալ խմամքի ներքո գտնվելը՝ միաժամանակ անհրաժեշտ համարելով միջազգային մշակութային կարևոր հարթակներում դրանց ցուցադրումը:
Դեսպան Ղազարյանը նշել է, որ «դիմաքանդակը վերադառնում է հայրենիք», որտեղ Հայաստանի ներկա և ապագա սերունդները հնարավորություն կստանան այն տեսնելու ու ըստ արժանվույն գնահատելու: Պաոլո Զաքարյանն իր ելույթում ընդգծել է, որ նվիրատվության որոշումը դժվարությամբ է կայացրել, քանի որ ողջ կյանքի ընթացքում հոր դիմաքանդակն իր հետ է եղել, սակայն հասկացել է, որ այն առաջին հերթին արվեստի ստեղծագործություն է և պատկանում է հայ ժողովրդին:
Նա հավելել է, որ Հայաստանն է դիմաքանդակի ամենաապահով տեղը, և այն պետք է իր արժանի տեղը զբաղեցնի Երվանդ Քոչարի թանգարանում՝ վարպետի ստեղծագործությունների շարքում: Տիկին Լալա Մարտիրոսյան-Քոչարը շնորհակալություն է հայտնել Պաոլո Զաքարյանին նվիրատվության համար՝ այն բնութագրելով որպես «իմաստուն» որոշում: Նա նաև իր երախտիքի խոսքն է ուղղել ՀՀ մշակույթի նախարարությանն ու Իտալիայում ՀՀ դեսպանությանը՝ նվիրատվության հարցում աջակցություն ցուցաբերելու համար: