Հայաստանի և Արգենտինայի կառավարությունների միջև առկա է բարձր մակարդակի երկխոսություն. դեսպան
КультураՀայաստանի և Արգենտինայի կառավարությունների միջև առկա է բարձր մակարդակի երկխոսություն: Այդ մասին Արգենտինական ֆիլմերի 4-րդ փառատոնի բացման արարողության ժամանակ նշեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
«Երկրների միջև հարաբերությունները պայմանավորված են կառավարությունների միջև բարձր մակարդակի հարաբերություններով: Մեր երկու երկրների կառավարությունների միջև առկա է բարձր մակարդակի երկխոսություն, բայց կարևոր է նաև, որ ժողովուրդների միջև լինեն բարձր մակարդակի հարաբերություններ»,- նշեց դեսպանը` հավելելով, որ նմանատիպ մշակութային միջոցառումների կազմակերպումը խթանում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
«Ապագայում պատրաստվում ենք այլ միջոցառումներ էլ կազմակերպել»,- Արգե նտինական ֆիլմերի 4-րդ փառատոնի բացման ընթացքում հավելեց դեսպանը` շեշտելով, որ մեկ շաբաթ` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու են տարաբնույթ կինոնկարներ:
Արգենտինայի հյուպատոս Ադրիանա Տրոտան նշեց, որ փառատոնի շրջանակում ներկայացվելու են ժամանակակից արգենտինացի ռեժիսորների գործեր: «Այս փառատոնին երեք ֆիլմ ցուցադրվելու է հայերեն ենթագրերով: Առաջին անգամ է նմանատիպ բան իրականացվում: Բոլորը շատ հետաքրքիր են, լավ դերասանական խաղ կա բոլոր ֆիլմերում»,-նշեց նա` հավելելով, որ իրենք ցանկանում են ֆիլմերը ներկայացնել նաև Հայաստանի տարբեր շրջաններում:
Արգենտինական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց 2008 թվականի արտադրության «Փեսացու կնոջս համար» ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների հինգ ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ` բնօրինակ լեզվով և անգլերեն ենթագրերով: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է և անվճար: