33 ժամանակակից լուսանկարիչների գործերն ամփոփվել են մեկ ցուցահանդեսում
КультураԺապավենային լուսանկարչության վարպետների գործերը` մեկ հարկի ներքո: Հայաստանի նկարիչների միությունում սեպտեմբերի 28-ին բացվեց «Art Raccord» խորագրով ժամանակակից գեղարվեստական լուսանկարի միջազգային ցուցահանդես:
«Ներկայացված են 33 հեղինակների ավելի քան 100 աշխատանքներ: Աշխատանքները բազմաժանր են: Լուսանկարները միաձուլում է այն փաստը, որ դրանք արված են ժապավենի միջոցով: Սա Raccord Group-ի երկրորդ ցուցահանդեսն է Հայաստանում: Նախորդ անգամ ռուս, ուկրաինացի լուսանկարիչների աշխատանքներ են ներկայացված եղել: Այս անգամ 17 երկրներից ավելի մասնակիցների գործեր են»,- նշեց Raccord Group ընկերության ներկայացուցիչ Ինգա Միրզոյանը:
Ներկայացված լուսանկարներն արված են դասական ժանրերում՝ բնանկար, դիմանկար, փողոցային լուսանկարչություն, ճարտարապետություն և այլն: Սակայն ստեղծագործական գործընթացի ժամանակ հեղինակները վարպետորեն օգտագործել են ձեռքի տպագրության տարբեր մեթոդներ, այդ թվում՝ այլընտրանքային և հազվագյուտ, որոնք սովորական լուսանկարչական աշխատանքները դարձրել են արվեստի գործեր:
Նկարները մեծամասամբ գոյություն ունեն միայն մեկ՝ հեղինակային օրինակով: Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Այն կազմակերպել է Հայաստանի նկարիչների միությունը, Raccord Group և Raccord Armenia ընկերությունները: