Առանց վերջույթների ծնված երեխային ընտանիքը վերցրել է մանկատնից
ОбществоԴեռ 2014-ի նոյեմբերին «Մալաթիա» բժշկական կենտրոնում ֆիզիկական արատներով` առանց վերջույթների ծնված փոքրիկ Ռաֆայելը, որին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում որոշ ժամանակ պահելուց հետո տեղափոխել էին «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, այժմ ընտանիքի գրկում է: Այդ մասին տեղեկացնում է «Բարի մամա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մարինա Անդրյանը:
«Փոքրիկ Ռաֆայելը արդեն տանն է՝ մայրիկի և հայրիկի ջերմ ու ապահով գրկում: Վերջապես ամեն ինչ ընկավ իր տեղը: Եվ զուր էին բժիշկների և վատը կամեցող մարդկանց ջանքերը: Ի վերջո փոքրիկը վերադարձավ ընտանիք», -իր ֆեյսբուքյան էջում գրում է Անդրյանը:
Նա տեղեկացնում է, որ երեխայի ծնողները ծնվելուց հետո «շոկի մեջ են եղել», իսկ բժիշկներն էլ «օգնելու փոխարեն հորդորել են թողնել երեխային` բացատրելով, որ ընտանիքը չի կարող հոգ տանի փոքրիկի մասին»:
«Հետո փոքրիկի ծնողները մեկնել են Ռուսաստան բուժվելու: Այդպես էլ չիմանալով, թե ինչ աղմուկ է բարձրացել: Սակայն երբեք իրենց չեն ներել և անընդհատ մտածել են Ռաֆայելի մասին: Վերադառնալուն պես գնացել են մանկատուն, որ տեսնեն փոքրիկին: Նրանց ներս չեն թողել: Եվ հուսահատված ծնողները մտածել են, թե այլևս ոչինչ չեն կարող անել, որ իրենց մնում է միայն համակերպվել և երբեք հանգիստ չունենալ հոգեկան մտորումներից: Իսկ հետո իրենց կյանքում հայտնվեց «Բարի մաման»: Արդյունքում ուշացումով եղավ այն, ինչ հնարավոր չէ այլևս փոխել: Այս պահին Ռաֆայելը վայելում է մայրական քնքշանքը, ջերմությունն ու սերը: Ծնողներն այժմ հասկանում են, թե ինչից էին զրկվել: Իսկ նրանց երջանկությանը նայելով՝ գուցե էլի ընտանիքներ միավորվեն: Գուցե լինեն ծնողներ, որոնք տանջվում են»,-գրել է «Բարի մամա» ՀԿ-ի ներկայացուցիչը:
Նշենք, որ երեխայի ֆիզիկական արատները կնոջ հղիության ընթացքում ժամանակին չէին հայտնաբերվել, և առանց վերջույթների ծնված երեխային ընտանիքի կողմից չվերցնելը բուռն քննարկում առաջացրեց: Շատ անհատներ պատրաստակամություն էին հայտնել օգնել ընտանիքին, երեխային անգամ նվիրաբերություններ կազմակերպվեցին: