Այսօր Արեւմտյան Հայաստանի շուրջ պահանջատիրական հարցերը պետք է բաժանել երկու մասի. Ա.Ախոյան
ПолитикаԱյսօր թերեւս շատ են հնչում տեսակետներ այն մասին, որ հայ ժողովրդի` Արեւմտյան Հայաստանում գտնվող հողերի հանդեպ պահանջատիրական հարցերը կարծես թուլանում են: Քաղաքագետներն ու վերլուծաբանները նման եզրահանգում են անում՝ ելնելով թուրք-քրդական հակամարտության օրեցօր նոր թափ ստանող լարումներից:
Վերոնշյալ թեմայի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի հետ, ով թերեւս մեծ ներդրում ունի հայ ժողովրդի պահանջատիրության հարցում:
«Այս հարցը վերլուծող կոմպետենտ մարդիկ շատ են առաջ ընկել իրադարձություններից, քանի որ Արեւմտյան Հայաստանի հողերը պատկանում են նրանց, ովքեր դրա վրա հիմա ապրում են: Շատ ավելի լավ կլիներ, որ քաղաքագետներն ու վերլուծաբանները մտածեին 4-5 միլիոն այն ծպտյալ հայերի մասին, որոնք մեր պատմական հողերի պոտենցիալ բնակիչներն են: Այդ մարդկանց ենթագիտակցության վրա ազդելով է պետք հարց լուծել:
Այսօր ոչ թե դեմագոգիայով կամ պոպուլիզմով զբաղվելու, այլ գործ անելու ժամանակն է: Մենք պետք է անտարբեր չլինենք, բայցեւայդպես, պետք է ճիշտ քայլեր անենք: Ես չեմ ցանկանա, որ անցնի եւս կես դար եւ բոլորս ասենք՝ մենք ժամանակին չենք արել այն, ինչ պետք է անեինք: Մենք պետք է վերլուծենք ու հասկանանք, թե ինչ է պետք անել, որ դա տեղի չունենա, հարցերից խոսելու փոխարեն շատ ավելի լավ կլինի հայեցակարգ մշակենք»,- նշեց պատգամավորը՝ խնդիրը բաժանելով երկու մասի:
«Գործընթացը պետք է բաժանել երկու մասի՝ քրդական ու թուրքական իշխանությունների հատվածի: Մենք պետք է հստակ հասկանանք, թե քրդերից եւ թուրքական իշխանություններից ինչ ենք պահանջում»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ հողային պահանջով հանդես գալը քաղաքացիական հասարակության գործն է, ավելի կոնկրետ՝ հայրենազրկված մարդկանց ժառանգների միության գործն է, ովքեր իրավունք ունեն միջազգային իրավունքների սահմաններում լինել պահանջատեր եւ վերականգնել իրենց ունեցվածքը:
«Հարկավոր է վերականգնել հարյուր տարվա մեջ բաց թողնված այն իրավունքները, որոնց համար թուրքական իշխանությունները պետք է շատ թանկ վճարեն»,- հավելեց նա:
Սոսե Չանդոյան