«Հայփոստը» հավատարիմ է հայկական ֆիլատելիայի զարգացման և տարածման քաղաքականությանը
Общество«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ն ու «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում են իրենց քաղաքականությունն ուղղված հայկական ֆիլատելիայի զարգացմանը և տարածմանը:
Այս մասին նշվում է «Հայփոստ»-ի լրատվական ծառայության` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 29-ին «Մյուռոնօրհնություն» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարման ու շրջանառության մեջ դնելու առիթով տարածած հաղորդագրության մեջ: Մյուռոնօրհնությանը նվիրված գեղաթերթիկի վրա պատկերված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանքը, իսկ նամականիշի վրա՝ Սրբալույս Մյուռոնի կաթսան:
Անկախ Հայաստանի Հանրապետության նամականիշերի վրա պատկերվել են մեծ թվով հայկական եկեղեցիներ, խաչքարեր, կրոնական մշակույթի պարագաներ: Իսկ վերջին տարիներին հայկական նամականիշերի միջոցով աշխարհին են ներկայացվել Կեչառիս եկեղեցական համալիրի գլխավոր`1000-ամյա Սուրբ Գրիգոր եկեղեցին, Գանձասարի վանքը, Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցին, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցին և այլն:
Մարման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչներ, հրավիրյալ քաղաքացիներ: Մարմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Տեխնիկական տվյալներն են.
Անվանումը. Մյուռոնօրհնություն
Թողարկման օրը` 29 սեպտեմբերի 2015թ.
Դիզայնը` Գևորգ Պողոսյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 20 000
«Հայփոստ» ՓԲԸ
Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲՎ