Բեյրութահայերը հիշատակել են Լիբանանի քաղաքացիական պատերազմի 40-րդ տարելիցը
ОбществоԲեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասում ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Լիբանանի քաղաքացիական պատերազմի 40-րդ տարելիցին նվիրված ժողովրդային հանդիսություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը նախորդել է Բուրջ Համուդի Նահատակաց հրապարակում տեղի ունեցած` Լիբանանի և հայության համար զոհված նահատակների հուշատախտակի բացման արարողություն:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ընթերցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը, որում ընդգծված է, որ «Ցեղասպանություն վերապրած լիբանանահայությունը պատվով դուրս եկավ ևս մեկ ծանր փորձությունից՝ 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմից, երբ, ընդունելով չեզոք կեցվածք, հրաժարվեց մասնակցել հակամարտող կողմերի զինյալ բախումներին և հերոսաբար դիմակայեց հայկական թաղամասերին սպառնացող վտանգներին՝ ցուցաբերելով արիություն և տոկունություն: Բազմաթիվ հայորդիների կյանքի գնով պահպանվեցին ազգային կառույցնե րն ու հաստատությունները»:
Խոնարհվելով Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհված բոլոր հայորդիների հիշատակի առջև, նախարարն իր ուղերձում համոզմունք է հայտնել, որ
Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ հնարավոր կլինի լուծել բոլոր ծառացած խնդիրները և դիմակայել բոլոր մարտահրավերներին:
Այնուհետև Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը ներկաներին փոխանցել է Արամ Ա կաթողիկոսի հղած պատգամը:
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանն իր ելույթում անդրադարձել է քաղաքացիական պատերազմի ընթացքում լիբանանահայության կողմից որդեգրած «դրական չեզոքություն» կեցվածքին, զոհվածների հերոսական գործողություններին և ներկա մարտահրավերներին:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Լիբանանի քաղաքացիական պատերամին նվիրված տեսաերիզ: