Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակի առաջին միջոցառումը նվիրեցին Ավետիք Իսահակյանի հոբելյանին
КультураՀայաստանի գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակում գրական միջոցառումների մեկնարկը տրվեց Ավետիք Իսահակյանի 140-ամյակին նվիրված ցերեկույթով: Հայաստանի գրողների միության և Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 30-ին անցկացված միջոցառման ժամանակ ժամանակակից գրողներն ու Իսահակյանի արվեստը գնահատողներն ընթերցեցին վարպետի գործերից :
«Օրեր առաջ մենք բացեցինք այս պուրակը, որի գաղափարը հղացել էինք երկու տարի առաջ` Պոեզիայի միջազգային փառատոնի ժամանակ: Այն ժամանակ միության նախագահն էր Լևոն Անանյանը, և, նրա գլխավորությամբ, գրողներս ակացիաներ տնկեցինք այստեղ: Այսօր մենք պոեզիայի պուրակի պոետական բացումը նվիրում ենք Ավետիք Իսահակյանի 140-ամյակին»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա խոսքով` պուրակն ստեղծվել է, որպեսզի այնտեղ հնչի պոեզիա, գրականություն, ընթերցողները հանդիպեն գրողների հետ, քննարկումներ անեն:
«Իսահակյանին բոլորը սիրում են, կարդում, լսում երգերը` հաճախ չիմանալով, որ տեքստի հեղինակը հենց նա է»,- հավելեց Էդվարդ Միլիտոնյանը և միջոցառման մասնակիցների համար կարդաց իսահակյանական քառատողեր:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը տեղեկացրեց, որ սա շրջանի և Հայաստանի գրողների միության համատեղ առաջին միջոցառումը չէ:
«Համատեղ միջոցառումները դարձել են բարի ավանդույթ: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շատ լավ պտուղներ է տալու: Իսահակյանի հոբելյանի առթիվ նախատեսվում են նաև այլ միջոցառումներ»,- նշեց նա:
Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակը պաշտոնապես բացվել է սեպտեմբերի 19-ին: Այգին հիմնադրվել է 2013 թվականի ապրիլի 16-21-ին Երևանում անցկացված Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցների կողմից, որոնք տնկել են իրենց պետությունը խորհրդանշող ծառեր: Պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1010 քառակուսի մետր, այն վերակառուցվել է «Օպերա Սուիթ» հյուրանոցի կողմից: Պուրակում տեղադրված են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի,Վահան Տերյանի և Ավետիք Իսահակյանի հուշատախտակները: Բակի կենտրոնական մասում գտնվում է հանգստի գոտին, որը հարմ արեցված է հատուկ օրերին միջոցառումներ կազմակերպելու համար: