Սպասված կինոպրեմիերաներ. «Մարսեցին» կհայտնվի հայկական կինովարձույթում
КультураՀայ կինոսերներն աշնան երկրորդ ամսվա ընթացքում կդիտեն արտասահմանյան արտադրության բազմաժանր և հետաքրքիր ֆիլմեր: «Մոսկվա» կինոթատրոնը հնարավորություն է ընձեռում մեծ էկրաններին դիտել ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված կինոնկարները:
Կինոթատրոնից «Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 1-ից էկրաններին կհայտնվի «Լեգենդը» ֆիլմը: Կինոնկարում ներկայացված է լեգենդար Կրեյ եղբայրների կյանքի պատմությունը, ովքեր 1950-60-ական թթ. Մեծ Բրիտանիայի ամենանշանավոր դեմքերն էին՝ ղեկավարելով ազդեցիկ Իստ-Էնդ հանցագործական միավորումը: Մշտական զինված կողոպուտները, հարձակումները, սպանությունները նրանց կյանքի անբաժան մասն էին: Դերերում հանդես են գալիս Փոլ Անդերսոնը, Թոմ Հարդին և այլք:
«Մարսեցին» ֆիլմը կինովարձույթում կհայտնվի հոկտեմբերի 8-ին: Ռիդլի Սքոթի գիտաֆանտաստիկ ֆիլմում խաղում է Մեթթ Դեյմոնը: Ֆիլմի գլխավոր հերոսը միայնակ է մնոմ Մարս մոլորակում` առանց կապի, և փորձում գտնել գոյատևելու ելքեր:
«Փեն. Ուղեւորություն դեպի Նետլանդիա» ֆիլմը նույնպես հնարավոր կլինի դիտել հոկտեմբերի 8-ից: Ջո Ռայթի կինոնկարի հերոսը որբ է, ով կդառնա լեգենդ: Ֆիլմում խաղում են Հարեթ Հեդլունդը, Լեվի Միլլերը, Ռունի Մարան, Կարա Դելեվինը, Հյու Ջեքմանը, Ամանդա Սայֆրեդը:
«Զբոսանք»-ը կինովարձույթում կհայտնվի հոկտեմբերի 15-ից: Մարդը լուսնի վրա եղել է արդեն 12 անգամ, սակայն Նյու Յորքի երկու երկնաքերերի միջև ձգված պողպատե պարանի վրայով քայլել աշխարհում հաջողվել է միայն մեկ մարդու՝ օդային ակրոբատ Ֆիլիպ Փոթին: Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերթ Զեմեքիսը:
Աստղային անձնակազմով «Սև պատարագ»-ն էկրաններին կլինի հոկտեմբերի 29-ից: Սքոթ Քուփերի ֆիլմում խաղում են Ջոնի Դեփը, Ջոել Էդգերտոնը,Բենեդիկտ Քամբերբետչը:
Ֆիլմը պատմում է բոսթոնյան հայտնի գանգսթեր Ուայթի Բուլջերի մասին, ով 16 տարի եղել է փախուստի մեջ ու ձերբակալվել է 2011 թվականի հունիսին: