Կտուր, լուսին, լապտերներ, ջազ. Վանաձորում կայացավ «Լուսե երազ»-ի ցուցադրությունը (լուսանկարներ)
КультураՕրերս Վանաձորի «Կիրովական» հյուրանոցի տանիքին կայացավ երիտասարդ խոստումնալից և տաղանդավոր նկարիչ Տիգրան Թադևոսյանի՝ հետաքրքիր և բովանդակալից «Լուսե երազ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը խորհրդավոր էր և շատ գեղեցիկ: Երեկոյան տանիքին էին հավաքվել նկարչի ընկերներն ու հարազատները, ծանոթներն ու անծանոթները: Բոլորը վայելում էին նկարչի ստեղծագործությունների ներկայությունն ու ջազ երաժշտության ռիթմերը՝ դրան գումարած լապտերների խորհրդավոր լուսավորությունն ու լուսնի անկրկնելի գեղեցկությունը:
Նկարչի թվով 6-րդ ցուցահանդեսն էր, որի ժամանակ վերջինս արվեստասեր հասարակությանը ներկայացրեց իր երազային, հեքիաթային աշխարհը:
«Այս ցուցահանդեսն ամբողջովին տարբերվում էր իմ մնացած ցուցահանդեսներից՝ իր ասելիքով, մոտեցումով, ամեն ինչով… «Լուսե երազ» ցուցահանդեսի թեմատիկան ավելի երազային, հեքիաթային աշխարհն էր: Տանիքում էր արված. հեքիաթային է տանիքը: Նկարների թեմատիկան ավելի երկնային է, ոչ երկրային, դրա համար նկարներս ներկայացնելու լավագույն տարբերակը տանիքն էր. հնարավորինս մոտ երկնքին»,- նշեց Տիգրանը:
Այն մասին, որ շատերը հիացմունքով են խոսում իր արվեստանոցի մասի, նկարիչն ասաց. «Այն ինձ համար էլ հրաշք է, հեքիաթային է, տրամադրող, ջերմ: Սիրում եմ, շատ, արվեստանոցս…»:
Այժմ Տիգրանը զբաղված է միայն ու միայն նկարչությամբ, առանց նկարելու չի պատկերացնում և ոչ մի օր, իսկ ապագայի համար ոչինչ չի պլանավորում, ասում է, որ ապրում է տվյալ օրով ստեղծագործելով և չի մտածում հետագա անելիքների մասին:
Սիրած նկարիչ - Պոլ Գոգեն
Սիրած գրող - Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Սիրած երաժիշտ - Չիկ Կորեա
Նշենք, որ Տիգրան Թադևոսյանը ծնվել է 1989թ.-ին, Վանաձորում: Սովորել է թիվ 23 դպրոցում, Ստ.Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում, այնուհետ ՎՊՄԻ-ի «Կերպարվեստի» բաժնում: Ծառայել է Լեռնային Ղարաբաղում: Ունեցել է 3 անհատական ցուցահանդես Վանաձորում, ևս երկուսը՝ Երևանում: Մասնակցել է միջազգային փառատոնների և խմբակային ցուցահանդեսների: