Հայկական գինու փառատոնը հայտնի է դառնում նաև արտերկրում. հոկտեմբերի 2-4-ը Արենիում տոն է
ОбществоՀայաստանում անցկացվող գինու փառատոնը հայտնի է նաև արտերկրում: Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Փառատոնները մենք շատ կարևորում ենք այն առումով, որ նպաստում են պետական քաղաքականությանը և մի շարք կարևոր խնդիրների լուծմանը՝ համաչափ տարաÕ �քային տնտեսական զարգացման, զբոսաշրջությունը դեպի մարզեր ուղղորդման, համայնքներում զբոսաշրջության զարգացման և թե ներքին, թե միջազգային շուկայում Հայաստանի իր մրցունակ զբոսաշրջությամբ ներկայացման: Փառատոնների կազմակերպումը հնարավորություն է տալիս համայնքներին ներկայանալ իրենց հնարավորություններով և տնտեսական պոտենցիալով»,- Արմենպրես-ի հաղորդմամբ` հավելեց Ապրեսյանը:
«Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, խոսելով հոկտեմբերի 2-4-ը Հայաստանում անցկացվելիք գինու փառատոնի մասին, նշեց, որ արդեն 4-րդ տարին է տարբեր երկրներից Հայաստան են հրավիրվում գինու մասնագետներ՝ սոմելյեներ, որոնց հետ «կույր մրցույթ» են անցկացնում, ներկայացնում են կարմիր և սպիտակ գինիներ, և գինեգետները փորձում ու գնահատում են գինին: «Մրցույթը տալիս է հնարավորություն, որ տնական գինի արտադրողներն ավելի լուրջ վերաբերվեն իրենց արտադրանքին: Որպեսզի կարողանանք մատուցել որակյալ գինի, պետք է ամեն ինչ բերել պատշաճ մակարդակի»,- ասաց նա:
Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն էլ փաստեց, որ հայկական գինու փառատոնը Հարավային Կովկասում ամենակայացած և ամենամարդաշատն է: «Այս տարիների ընթացքում կայացավ գինու փառատոնը: Ե'վ տեղի բնակիչների հետաքրքրությունն ավելացավ, և՛ մասնակցության ծավալները: Մեր ակնկալիքն է, որպեսզի այս հաղորդագրությունը տեղ հասնի, և տարեցտարի մասնակցույթունն էլ ավելի մեծանա»,-հավելեց Երիցյանը:
Հոկտեմբերի 2-4-ը Վայոց ձորի Ռինդ և Արենի համայնքներում կանցկացվի գինու 7-րդ ավանդական փառատոնը: Փառատոնի նպատակն է ճանաչելի դարձնել հայկական գինեգործության ակունքներն ու նպաստել հայկական գինու որակի բարձրացմանը և գինեգործության մշակույթի տարածմանը: