Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի համերգասրահում նշվել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը
ОбществоՎարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի համերգասրահում սեպտեմբերի 30-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր տոնական համերգ և ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:
Միջոցառմանը, որին ներկա էին շուրջ 350 հյուրեր, մասնակցում էին Լեհաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, նախարար Վոյչե Կոլարսկին, Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Հայաստանի և Լեհաստանի փոխարտգործնախարարներ Կարեն Նազարյանը և Արթուր Նովակ-Ֆարը, Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար, հայ- լեհական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Գրաժինա Հենսլևսկան, Լեհաստանի Սեյմի և Սենատի պատգամավորներ, Վարշավայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների մոտ երեք տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային խորհուրդների ն երկայացուցիչներ, լեհ քաղաքական, հասարակական, կրթամշակութային և գործարար շրջանակների, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, ողջույնի խոսքով հանդես է եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: 2015 թվականը բնութագրելով որպես համայն հայության համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման չափազանց կարևոր տարի` դեսպան Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարներն, իբրև մարդկային դաժանության և ցեղասպանության թանգարաններ, պահող երկրում շատ լավ են հասկանում հայ ժողովրդի վիշտն ու պահանջն, ինչի վառ ապացույցն էր 2005թ. Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:
Դեսպանը խորհրդանշական է համարել ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված միջոցառման անցկացումը բարեկամ երկրի նշանավոր թանգարաններից մեկում, որտեղ այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի նորընտիր նախագահ Անջեյ Դուդային «Սպիտակ Արծիվ» բարձրագույն պարգևի հանձնման հանդիսավոր արարողությունը, և որտեղ մշտական ցուցադրության է ներկայացված ղարաբաղյան գորգերի մի մեծ հավաքածու:
Անդրադառնալով Լեհաստանում հարյուրամյակներով ապրող հայերին` հատուկ գոհունակությամբ է նշվել, որ լեհերի` հայության նկատմամբ ի սկզբանե ունեցած ջերմ ու բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հայերը և այժմ էլ նրանց զավակները շարունակում են իրենց արժանավոր հետքը թողնել Լեհաստանի հասարակական–քաղաքական կյանքի զարգացման գործում:
Էդգար Ղազարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վաստակավոր կոլեկտիվ Երևանի Կոմիտասի անվան լարային քառյակին՝ վերջինիս կազմավորման 90-ամյա հոբելյանի, Լեհաստանում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում իրենց մասնակցության և համերգի համար:
Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել պետական մրցանակի դափնեկիր, վաստակավոր կոլեկտիվ Երևանի Կոմիտասի անվան լարային քառյակը՝ պրոֆեսոր Էդվարդ Թադևոսյանի գլխավորությամբ, ովքեր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Վարշավայում մասնակցում են Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված համերգին և ընդունելությանը:
Հայ երաժիշտների կատարմամբ ներկաներն ունկնդրեցին Կոմիտասի, Միրզոյանի, Մոցարտի, Շումենի և Չայկովսկու ստեղծագործությունները: