Հայ և օտարազգի պատմաբան-հնագետներները կներկայացնեն Մեծամորի կեսդարյա պեղումների տարեգրությունը
Общество«Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն» միջազգային գիտաժողովին Մեծամորի ուսումնասիրության վերաբերյալ իրենց աշխատանքների արդյունքները կներկայացնեն ինը երկրի հայ և օտարազգի պատմաբան-հնագետներներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 2-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկած գիտաժողովը նվիրված է Մեծամո ր հնավայրի պեղումների 50 և արգելոց-թանգարանի ստեղծման 45-ամյակներին:
«Գիտաժողովին քննարկվելու են Մեծամորին առնչվող ամենալայն շրջանի թեմաներ, քանի որ Մեծամորն իր մեջ ներառում է լայն ժամանակահատված՝ խորը միջնադար, անտիկ, ուրարատական, ուշ և վաղ բրոնզի ժամանակաշրջաններ: Յուրաքանչյուր ժամանակաշրջանի և փուլի մասնագետ այսօր կարող է իր խոսքն ասել Մեծամորի մասին, նրա համաժամանակյա հուշարձանների կապի և տարբերությունների մասին», - ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:
Գիտնականը հավելեց, որ հիսուն տարվա ընթացքում Մեծամորի թանգարանում կուտակվել է հսկայական նյութ, որը ներկայացման և հանրահռչակման կարիք ունի: Մեծամորի թանգարանի ֆոնդերում պահվող գտածոների ընդհանուր քանակը 28 հազարից ավելի է:
«Արդեն երրորդ տարին է, ինչ հայ-լեհական արշավախումբն աշխատում է Մեծամորի հնավայրում: Եվ մեզ համար շատ կարևոր է մասնակցությունն այս գիտաժողովին, քանի որ այսպես մենք ամփոփում ենք մինչև այս պահին կատարված աշխատանքների արդյունքները, որոնք թույլ են տալիս ասել, որ Մեծամորը ավիրվել էր, իսկ նրա բնակիչները սպանվել էին Արգիշտի թագավորի զորքերի կողմից», - ասաց Վարշավայի համալսարանի հնագիտության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր և հայ-լեհական արշավախմբի ղեկավար Քշիշտոֆ Յակուբյակը:
«Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն» միջազգային գիտաժողովին ներկա ՀՀ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի, Գիտության պետական կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՌԴ ժառանգության ինստիտուտի ներկայացուցիչների առջև զեկուցումներով հանդես կգան ինը երկիր ներկայացնող հայ և օտարազգի պատմաբան-հնագետներ ՌԴ-ից, Լեհաստանից, Բելառուսից, Վրաստանից, Իտալիայից, ԼՂՀ-ից ու այլն:
Գիտաժողովի ընթացքում կներկայացվի հնավայրի պատմական, մշակութային հարուստ ժառանգությունը: Զեկուցումների թեման ընդգրկուն է` հնագիտական հուշարձաններին հասցված վնասի հատուցման հիմնախնդիրները, հնագիտական ժառանգության վիճակը և այլն: Անդրադարձ կլինի խորհրդային, նաև վերջին տարիներին հայ-լեհական արշավախմբի կողմից իրականացված պեղումներին: