Կառավարությունն առաջարկում է վաստակավոր շինարարի կոչում սահմանել
ОбществоՀայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենքով վաստակավոր շինարարի կոչում սահմանել: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկեց «Հայաստանի Հանրապետության պետա կան պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շինարարի վաստակավոր կոչում սահմանել:
Հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծեց, որ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է շինարարության զարգացումը: «Նախագիծը նպատակ ունի խրախուսել շինարարի աշխատանքը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը: Շինարարության ոլորտում ընդգրկված են հմուտ կազմակերպիչներ, բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ, վարպետներ, որոնք մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում և անհրաժեշտ է հավուր պատշաճի գնահատել նրանց աշխատանքը»,- ասաց Սարգսյանը:
Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ խորհրդային կարգերի ժամանակ շինարարներին խրախուսելու համար սահմանված էր «Վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, որով պարգեւատրվում էին շինարարության բնագավառում բացառիկ ներդրում ունեցած մասնագետներ: Ներկայումս գործում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը, որտեղ ցավոք բացակայում է «Վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը:
Նախագիծը նպատակ ունի խրախուսել հայ շինարարի աշխատանքը, գրավիչ դարձնել ձևավորված ավանդույթները, հայ կառուցողական միտքը: Առաջարկվող նախագծում սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ, բարձր որակավորում ունեցող շինարարներին, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական ու այլ կազմակերպությունների աշխատողներին` բացառիկ արդյունավետ գործունեության, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության ու ստեղծարար գործունեության մեծ վաստակի համար: