Ամերիաբանկը դյուրացնում է հաճախորդների կյանքը TV բանկինգ և օնլայն միջազգային փոխանցումներ ծառայությունների միջոցով
ОбществоԱմերիաբանկը «ԴիջիԹեք» ցուցահանդեսին ներկայացել է երկու նորությամբ, որոնք կդյուրացնեն բանկի հաճախորդների և նրանց դրական փոխանցումներ կատարողների կյանքը: Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Ամերիաբանկի տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուաստան Մովսիսյանը, առաջին ծառայությունը ներկայացնում են «Յուքոմ» ընկերության հետ, որը կոչվում է TV բանկինգ: «Դրա շնորհիվ մեր հաճախորդներին, ովքեր միաժամանակ նաև «Յուքոմ»-ի հաճախորդ են, հասանելի կլինեն կոմունալ վճարումների ծառայություններն անմիջապես հեռուստացույցից: Մենյու մուտք գործելով` հնարավոր կլինի կատարել «Յուքոմ» ընկերության ծառայությունների վճարում, այլ կոմունալ վճարումներ, նույնիսկ հնարավոր է խմբային վճարման հանձնարարական ձևակերպել ու միանգամից կոմունալ բոլոր ծառայությունների վարձը վճարել»,-տեղեկացրեց Բուրաստան Մովսիսյանը: Նա նշեց, որ ծրագրի մեկնարկը դեռևս չի տրվել, հոկտեմբերի 2-ին տեստային տարբերակն են ներկայացնում, իսկ մինչ նոյեմբերի 1-ն արդեն այն արդեն հասանելի կլինի հաճախորդներին:
Երկրորդ ծառայությունը կապված է միջազգային փոխանցումների նոր հնարավորությունների հետ: «Մեր այս նոր համակարգը մրցակցելու է «Յունիստիմ», «Մանիգրամ» հայտնի համակարգերի հետ: Ամերիաբանկի կայք մուտք գործելով` ցանկացած երկրի բանկի հաճախորդ հնարավորություն կստանա փոխանցում կատարել մեր բանկի ցանկացած հաճախորդի հաշվին»,-հայտնեց Ամերիայի ներկայացուցիչը: Օնլայն դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ամերիաբանկի կայքի համապատասխան մենյու, մուտքագրել քարտի տվյալները, ստանալ այդ գործարքի համար ունիկալ կ ոդ, որը ապահովում է 3D secure, այսինքն` բացարձակապես անվտանգ է, հավաքել նախընտրած գումարը, սեղմել ok և այդ գումարը կուղարկվի հաշվետեր հաճախորդին: «Ծառայությունը շատ մատչելի է, հասանելի բոլորին, հնարավոր է այդ գործողությունը կատարել մի քանի վայրկյանի ընթացքում: Կարծում ենք` մեր սփյուռքահայության շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի: Ստացողը պետք է Ամերիայի հաճախորդ լինի, ունենա քարտային հաշիվ կամ բացված հաշվհամար, իսկ փոխանցողը կարող է լինել այլ բանկի հաճախորդ»,-ավելացրեց Բուրաստան Մովսիսյանը:
ԴիջիԹեք 2015-ն անցկացվում է հոկտեմբերի 2-4-ին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Միջոցառումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման պլատինե հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է: Եռօրյա միջազգային ցուցահանդեսին մեկ հարկի տակ են միավորվել 170 ընկերություն 10 երկրից, ակնկալվում է 40 հազարից ավելի այցելու: