Մոհամմադ Ռեյիսին Հայաստանից հեռանում է գեղեցիկ հուշերով ու վառ տպավորություններով
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրիÕ ¶ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Նորին Սրբությունը հայ ժողովրդի և Հայ եկեղեցու հանդեպ ցուցաբերած ազնիվ վերաբերմունքի և հարգանքի համար իր գնահատանքն է հայտնել դեսպանին` անդրադառնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը:
Իր հերթին դեսպանը մշտապես ցուցաբերվող ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` նշել է, որ Հայաստանից հեռանում է գեղեցիկ հուշերով և վառ տպավորություններով:
Զրույցի ընթացքում խոսվել է Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակի մասին, նաև անդրադարձ է կատարվել հոգևոր առաջնորդների կողմից խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերին: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն առ Աստված աղոթք է բարձրացրել, որ Տերն Իր խաղաղությունը հեղի ողջ աշխարհի և հատկապես Մերձավոր Արևելքի վրա, որպեսզի տարածաշրջանում վերահաստատվի կյանքի անվրդով ու բնականոն ընթացքը:
Վերջում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը հաջողություններ է մաղթել դեսպանին իր հետագա ծառայության մեջ:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: