Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պիլոտային ծրագիրը
ЭкономикаՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Սանկտ-Պետերբուրգում:
Ինչպես տեղեկացրին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից, հյուպատոսությունում Մարտին Սարգսյանի և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ մեկնարկել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պիլոտային ծրագիրը, որը հնարավորություն կտա ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ տվյալ երկրի բնակիչներին, խնայելով իրենց ժամանակն ու նյութական միջոցները, առանց անձամբ Հայաստան ում լինելու, տեղեկատվություն ստանալ և գործարքների վերաբերյալ ներկայացնել ու ստանալ համապատասխան փաստաթղթեր Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ:
Նույն օրը ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի և Սանկտ Պետերբուրգի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Վլադիմիր Կատենյովի միջև:
Ողջունելով հյուրերին` Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը կարևորել է ՀՀ և ՌԴ առևտրա-արդյունաբերական պալատների միջև համակողմանի շփումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: