ՀՀ դեսպանը Լատվիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է հայ-լատվիական հանձնաժողովի նախապատրաստումը
ЭкономикаԼատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Լատվիայի էկոնոմիկայի նախարար Դանա Ռեյզնիես-Օզոլայի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ միջպետական հարաբերությունների, այդ թվում` առևտրատնտեսական համագործակցության զարգացման կապակցությամբ: Կողմերը քննարկել են 2016 թվականի սկզբին Երևանում կայանալիք հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները:
Արա Այվազյանը կարևորել է երկու երկրների գործարար շրջանակների միջև երբեմնի փոխշահավետ կապերի վերականգմանն ուղղված քաղաքականության հետևողական իրականացումը, ինչին կնպաստի նաև այլ տարածաշրջաններ ներթափանցելու համար Հայաստանի և Լատվիայի աշխարհագրական բացառիկ դիրքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բնույթի այլ հարցեր: