Կարեն Կարապետյան. Այլ բան է բիզնես հետաքրքրությունը, այլ բան է պետության շահը
Интервью1in.am-ը գրում է.
Հայաստանի էլեկտրական ցանցերի վաճառքի հետ կապված հնչում են ամենատարբեր տեսակետներ ու գնահատականներ: Այսուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ այդ կառույցի սեփականատերն այսուհետ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպն» է: Ուշագրավ է, սակայն, որ պարբերաբար հերքվում էին նման գործքարքի մասին տեղեկությունները: Ավելին, դեռևս այս տարվա մայիսին Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը նշել էր, թե «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»: Թե ինչու էին ժամանակին հերքվում այդ լուրերը, ճշտեցինք Կարեն Կարապետյանից:
-Նախ, սկսեմ նրանից, որ այսօր էլ այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ,-ասաց պարոն Կարապետյանը:- Սակայն այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ և բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը: Ցանկացած տրամաբանող մարդ, ով ցանկություն չունի ուղղակի ամեն ինչում սևը տեսնել, կարող է ընդունել, որ այնքան էլ դյուրին չէ գնել մի կառույց, որը 200 մլն-ից ավելի պարտք ունի և պահանջում է արդիականացման, կարգավորման ահռելի ներդրումներ՝ երկարաժամկետ կտրվածքով հետգնման հավանականության մեծ անորոշությամբ: Մյուս կողմից, հասկանալի է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող միավորը չէր կարող գնալ շարունակական կործանման, ապա՝ գուցե և սնանկացման ու, Աստված մի արասցե, փլուզման: Ուստի, այսպես թե այնպես, պետք է լիներ այն անհատը կամ կազմակերպությունը, որը կստանձներ ոլորտը կարգավորելու պատասխանատվությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն նշել է, որ «Տաշիր գրուպ»-ին դիմել են Հայաստանի իշխանությունները՝ քննարկելու էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ հստակ շեշտադրվում է ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ բանակցելու և էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիրը ստորագրելու մասին։ Այնպես որ, չբացառելով դեռևս չորս ամիս առաջ «Տաշիր»-ին դիմելու ցանկության առկայությունը, հասկանալի է, որ իսկապես այն ժամանակ, երբ վաճառքի մասին խոսակցություն անգամ չկար, չէր կարող լինել նաև որևէ այլ խոսակցություն գնման ցանկության մասին, ում կողմից էլ լիներ: Ինքս էլ իմ հայտարարության մեջ հստակ նշել եմ՝ ԱՅՍ ՊԱՀԻՆ: Ինչ վերաբերում է բուն բանակցությունների ընթացքում տեղեկատվության հերքմանը, ապա բիզնեսից փոքրիշատե հասկացող յուրաքանչյուր ոք տեղյակ է, որ որևէ գործարքի մասին մինչ դրա կայացումն ուղղակի չի բարձրաձայնվում: Ստորագրվեց պայմանագիրը, անմիջապես հանրությունը տեղեկացվեց:
Ինչ վերաբերում է սակագներին, ապա արդեն իսկ հայտարարվել է, որ Սամվել Կարապետյանը մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով բնակչության և փոքր բիզնեսի համար փոխհատուցելու է բարձրացած և մինչև 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը: Ես վերստին կրկնում եմ, որ սակագների ցանկացած բարձրացում մեզ համար անընդունելի է: Խոսքը ոչ միայն ազգաբնակչության սոցիալական վիճակի վատթարացման մասին է, այլև ընդհանրապես տնտեսությանը հասցվող վնասների, քանի որ էլէներգիայի սակագնի բարձրացումը ուղղակի ազդում է տնտեսվարողների մրցունակցության վրա մի կողմից և այլ արտադրատեսակների շղթայական թանկացման վրա մյուս կողմից: Սակայն նաև այս տեսակետից շատ ավելի խոշոր խնդիրները պարբերաբար ի հայտ կգան առաջիկայում, եթե համակարգը արմատապես չկարգավորվի: Դրա համար անհրաժեշտ են բազմաթիվ հետևողական քայլեր, որոնցից հիմա շատ հպանցիկ ուզում եմ առանձնացնել ընդամենը երկուսը: Առաջինը լուրջ ներդրումներն են՝ նոր տեխնոլոգիաների կիրառման համար, որպեսզի նախ և առաջ հնարավոր լինի նվազեցնել կորուստները, որոնք ուղղակիորեն հարվածում են մեր ազգաբնակչության գրպանին: Երկրորդ կարևորագույն խնդիրը պետության կողմից ծրագրավորված քաղաքականության իրականացումն է՝ այլընտրանքային, էժան էներգիայի արտադրության զարգացման ուղղությամբ: Խոսքն առաջին հերթին ՀԷԿ-երի, քամու և արևային էներգիայի մասին է: Այստեղ առաջնային է դառնում պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը: Մենք հիանալի գիտենք, որ նման բարդ կառույցի կառավարումն ու արդիականացումը հեշտ չի լինելու, պահանջվելու են նյութական ու մտավոր խոշոր ռեսուրսներ: Այո շատ բարդ է լինելու, սակայն, չնայած մեծ ռիսկայնությանը, հույս ունեմ, որ ներդրված ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել այդ դժվարությունները և մի քանի տարվա ընթացքում լուծել առկա խնդիրները: Կրկնում եմ՝ դրա համար մեծ ջանքեր, ներդրումներ ու ժամանակ են անհրաժեշտ: Ի վերջո, տնտեսությունից և տնտեսագիտությունից գոնե տարրական պատկերացում ունեցող յուրաքանչյուր ոք կարող է հաստատել, որ լուրջ չէ ակնկալել տարիներ շարունակ քայքայված համակարգի կարգավորում սեղմ ժամկետներում: