Կիսամարաթոնն անհարմարություններ է առաջացրել երթևեկության համար. դժգոհությունն արտացոլվել է նաև սոցիալական ցանցերում
ОбществоԵրևանի կենտրոնում հոկտեմբերի 3-ին երթևեկությունը կաթվածահար էր եղել: Կենտրոնական գրեթե բոլոր փողոցներում խցանումներ էին, որոնք անհարմարություններ են պատճառել բազմաթիվ քաղաքացիների և բանից անտեղյակ վարորդների: Պատճառը Երևանում անցկացվող առաջին միջազգային կիսամարաթոնն է: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում խցանումներ էին առաջացել, քանի որ վարորդները չեն իմացել ճանապարհների փակ լինելու մասին: Խաթարված երթևեկության մասին բազմաթիվ են գրառումներն ու լուսանկարները սոցիալական ցանցերում:
«Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե որն է պատճառը, որ ճանապարհների փակ լինելու մասին քաղաքացիներին որևէ իրազեկում չի ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հաստատեց, որ խցանումների պատճառը միջազգային կիսամարաթոնի անցկացումն է, որն անցկացնելու համար մայրաքաղաքի կենտրոնի որոշ ճանապարհներ փակվել են, սակայն ընդգծեց, որ դրանում քաղաքապետարանը մեղավորություն չունի, քանի որ հանրությանն այդ մասին պետք է իրազեկեին միջոցառման կազմակերպիչները: «Այս հարցով մեր գործընկերներից ինձ շատերն են զանգահարել: Նման դեպքերում իրազեկումը միշտ արվում է կազմակերպիչների կողմից: Այս դեպքում կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանը չէ: Մենք միջոցառում ունենք վաղը՝ Երևանյան կիսամարաթոնը, որի կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանն է: Դա լինելու է հոկտեմբերի 4-ին, իսկ մեկ շաբաթ առաջ մենք իրազեկել ենք Երևանյան կիսամարաթոնի երթուղին, սակայն դա որևէ բան չի նշանակում, մենք այսօր ևս իրազեկելու ենք երթուղու մասին, այն ճանապարհների մասին, որո նք փակ են լինելու: Այսօրվա հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, որովհետև մենք չենք այդ միջոցառման կազմակերպիչը»,- ասաց Գևորգյանը՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե երբ կբացվեն փակ ճանապարհները:
Երևանի կենտրոնում փակ ճանապարհների և դրանց բացվելու մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ը փորձեց ճշտել ճանապարհային ոստիկանությունից: Ճանապարհային ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Վարուժան Բալյանը նախ խնդրեց զանգահարել 5 րոպեից, որպեսզի ինքը կարողանա ճշտել, թե որ ճանապարհներն են փակ և երբ են բացվելու: Րոպեներ անց նա հետ զանգահարեց և տվեց հետևյալ պատասխանը: «Ճանապարհային ոստիկանությունը փոխանցում է, որ այդ միջոցառման կազմակերպիչը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Բոլոր հարցերով հարկավոր է դիմել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը»:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից էլ պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ գերատեսչության լրատվական ծառայությունում հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: Մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից, որը ևս հանդիսանում է կիսամարաթոնի կազմակերպիչներից: «Արմենպրես»-ը կներկայացնի կազմակերպիչների դիրքորոշումը ևս: Ավելի վաղ, սակայն, նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը Tert.am կայքէջի հետ զրույցում նշել էր, «Կազմակերպչական խումբ էր ձևավորվել, որը տեղեկացրել է ր քաղաքապետարանին երթուղու և ծրագրի մասին»,- ասաց նախարարության մամուլի խոսնակը:
Կիսամարաթոնի մեկնարկն անցել է ոչ առանց միջադեպի: Մեկնարկներից մեկի ժամանակ շարքի հետևում կանգնած մասնակիցները մեկնարկել են բարձր արագությամբ, ինչի արդյունքում մասնակիցների շարքերում հրմշտոց է սկսվել, նրանք թափվել են միմյանց վրա: Միայն րոպեներ անց հնարավոր է եղել մասնակիցների շարքերում վերականգնել կարգուկանոնը: Կիսամարաթոնը համակարգողներից մեկը մասնակիցներին հորդորել է մեկնարկը սկսել շատ դանդաղ և պահպանել նույն տեմպը, որպեսզի նրանց շարքերում հրմշտոց չառաջանա՝ զգուշացնելով, որ դա կարող է շատ վտանգավոր լինել:
Երևանի քաղաքապետարանն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 4-ին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները կրկին փակվելու են: Քաղաքապետարանը ներկայացրել է բոլոր այն փողոցները, որոնք փակվելու են՝ սկսած ժամը 07:00-ից: