Անարդար կլինենք,եթե չնկատենք այն դրական փոփոխությունները, որոնք տարեցտարի մեր քաղաքն էլ ավելի ջերմ ու բարի են դարձնում. Նարինե Մանուկյան
ОбществоՏարիներ առաջ Նարինե Մանուկյանը հիմնեց «Հայ Մայրեր» հասարակական կազմակերպությունը և սկսեց համախմբել հաշմանդամ փոքրիկ ունեցող մայրերին: Նարինեի հետ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանն ընդառաջ զրուցեցինք մեր ջերմ ու բարի քաղաքի և «Երևանի քաղաքապետարանը` «Երևանի մանուկներին» ծրագրի մասին:
- Երևանն այս տարի արդեն կնշի իր 2797 ամյակը, քաղաքի ջերմությունն ու բարությունը տարեցտարի ավելանում, թե՞ պակասում է ըստ Ձեզ:
-Իմ ջերմ ու բարի քաղաք...Այս տարվա խորագիրը ավելի քան արդարացված է: Ինչքան էլ որ խնդիրներ լինեն, իսկ դրանք անհերքելի կան, միևնույնն է ոչ ոք ու երբեք չի կարող հերքել այն ջերմությունն ու բարությունը, որ տալիս է Երևանը յուրաքանչյուրիս ամեն օր: Անհերքելի է նաև մեր սերը այս փոքրիկ քաղաքի, նրա փողոցների, անկյունների հանդեպ: Յուրաքանչյուրս այստեղ մեր կյանքն ենք ապրում` հեշտ կամ բարդ, հարուստ կամ աղքատ, լիարժեք կամ ոչ այնքան, բայց կա մի բան, որ բոլորիս համար հավասար է` մեր քաղաքի ջերմությունը: 3 տարի աոաջ,երբ դեռ չկար «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ն, երբ ամեն ինչին նայում էի ոչ այնքան խորը, որքան այսօր, չէի նկատում այն բազմաթիվ խնդիրները, որ առկա են իմ քաղաքում, որտեղ ծնվել ու մեծացել եմ: Այսօր, երբ ոչ միայն իմ,այլև մասամբ մի մեծ սոցիալական խմբի կյանք եմ ապրում այս քաղաքում, բախվելով խնդիրների, հասկանում եմ ու գիտակցում, որ բազմաթիվ չլուծված հարցեր կան, որոնք վերաբերվում են ոչ միան ինձ, այլև՝ բոլորիս: Սակայն, անարդար կլինենք, եթե չընդգծենք, չնկատենք և չգնահատենք այն դրական փոփոխությունները, որոնք տարեցտարի մեր քաղաքն էլ ավելի ջերմ ու բարի են դարձնում : Մեր կազմակերպության անդամ 160 ընտանիքներից 113-ը երևանաբնակ են, ու թեև բոլորն էլ ունեն հաշմանդամություն ունեցող փոքրիկներ, բոլորի կյանքը տարբեր է: Արդեն 2-րդ տարին է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ իրականացնում ենք «Երևանի քաղաքապետարանը` Երևանի մանուկներին» խորագիրը կրող սոցիալական ծրագիրը:
- Ավելի մանրամասն կներայացնե՞ք համագործակցության արդյունքում իրականացվող այդ ծրագիրը:
-Մեր կազմակերպության համար ամենահաջողվածներից մեկն է «Երևանի քաղաքապետարանը` Երևանի մանուկներին» ծրագիրը: 2014 թվականին `17, 2015-ին ` 19 երևանաբնակ միայնակ մայրերի հաշմանդամություն ունեցող փոքրիկներ ստանում են եոամսյա վերականգնողական թերապիաներ` կինեզոթերապիա, արտ-թերապիա և ջրային թերապիա: Այս ծրագրով ոչ միայն կարևորագույն սոցիալ-աոողջապահական հարց է վերհանվում, այլև հոգեբանական, քանի որ այս ընտանիքների համար շատ կարևոր է զգալ պետական գերատեսչությունների աջակցությունը, որը, ցավոք, եզակի երևույթ է մեր օրերում: Խնդիրները շատ են, սակայն միայն այն, որ դրանք անկաշկանդ քննադատվում ու արծարծվում են սոցիալական ցանցերում, կայքերում և մեդիայում, արդեն իսկ կարևոր է կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար և դրանք լուծելու տեսանկյունից : Չլուծված հարցեր շատ կան, սակայն ես, որպես լավատես մարդ և մայր, լիահույս եմ, որ տղաներս վաղն ապրելու են էլ ավելի բարի ու ջերմ Երևանում :