Չինուհին թղթադրամների կապոցներ է նետել ոսկերչական խանութի վաճառողի դեմքին՝ իրեն «աղքատի տեղ դնելու համար» (նկարներ)
LifestyleՎրդովված չինուհին թղթադրամների կապոցներ է նետել խանութի վաճառողի դեմքին՝ չցանկանալով, որ նրան աղքատի տեղ դնեն։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Հանդան քաղաքի ոսկերչական խանութում, գրում է The Daily Mail-ը։
Կնոջ պահվածքը ցույց տվող տեսանյութը վրդովմունք է առաջացրել Չինաստանի առցանց տիրույթում։ Որոշ օգտատերեր նաև կասկածել են, որ դա կարող է մարքեթինգային հնարք լինել խանութի կողմից։
Կին հաճախորդը ոսկյա զարդ է ընտրելիս եղել խանութում: Այնուհետև տեսանյութում լսվում է՝ ինչպես է նա գոռում. «Կարծում ես՝ ես չե՞մ կարող ինձ դա թույլ տալ: Ի՞նչ տեսակի խանութ է սա: Ես կարող եմ ամբողջ փողոցը գնել»,- ասում է նա, այնուհետև իր պայուսակում ինչ-որ բան փնտրում:
Տեսանյութում լսվում է՝ ինչպես է նա գոռում. «Դու գիտե՞ս ով է հայրս»: Նա այնուհետև իր պայուսակից թղթադրամներ է հանում և դրանք նետում ժպտացող, բայց ակնհայտորեն շփոթված վաճառողի վրա: Նա տասնյակ հազարավոր յուան արժողությամբ (հազարավոր դոլարներ) թղթադրամներ է նետում վաճառողի դեմքին, մինչև մեկ այլ հաճախորդ միջամտում է։
Կինն այնուհետև բացատրում է, որ նա պարզապես ցանկանում էր թևնոց նայել։






Աղբյուր՝ Tert.am