Կիրակոս վարդապետ Դավթյանը ստանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնը
ОбществоՀայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի պաշտոնավարման սկիզբը նշանավորվեց կիրակնօրյա Պատարագի մատուցմամբ եւ Ջրօրհնեքի արարողությամբ, որն օծվեց նոր օրհնված Սուրբ մյուռոնով:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Սուրբ պատարագին նախորդեց խոստովանության կարգը, որը կատարեց Գեղարքունյաց թեմի նախկին առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Սուրբ պատարագի, թեմակալության ընդունման եւ ջրօրհնեքի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի եւ շրջակա համայնքների հավատավորներ:
Սուրբ պատարագի ընթացքում Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը հավատավորներին ներկայացրեց թեմի նոր առաջնորդական տեղապահին, հույս հայտնելով, որ Գեղարքունյաց աշխարհում նույն ջերմեռանդությամբ կշարունակվեն Աստվածահաճո գործերը, եկեղեցաշինական ձեռնարկները,հայրենի հողի ու հավատի զորացման քայլերը:
«Այսօր ինձ համար անկրկնելի ուրախ օր է, որովհետեւ տեւական բաժանումից հետո կրկին կարողացանք մեր սերը միմյանց հետ փոխանակելու: Ինձ պատիվ է վիճակված` ներկայացնելու Գեղարքունյաց թեմի նոր առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանին: Այսօր կրկնակի շնորհավորանք է Հայր Կիրակոսն ընդունում հավատավորներից` թեմակալության եւ վարդապետական աստիճանի շնորհման: Հոգեւոր սպասավորության նշանակալի ճանապարհ է անցել Կիրակոս վարդապետը` ծառայելով Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի, Նոր Նախիջեւանի թեմերում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սիրելի հայր սուրբ, համոզված եմ, որ այս նվիրական կամարները` ներծծված մեր հայրերի աղոթքով, եւ մեր հավատավոր ժողովուրդը սրտանց են դիմավորում Ձեզ: Վստահ եմ, որ մեր հայրենի հավատին կշարունակեք ծառայել նույն եռանդով ու հոգով, ինչպես որ ծառայել եք այլ պաշտոններում: Թող Աստված զորավիգ լինի մեր հայրենիքին»,-ներկաներին դիմեց Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Կիրակոս վարդապետ Դավթյանը, ողջույնի խոսք հղելով ներկաներին, նշեց, որ առաջնորդական տեղապահի պաշտոնն իր համար ավելի շուտ Աստծուն ու հայրենի հավատին ծառայելու հնարավորություն է, հավատավոր հոտի հետ Աստծո գործերն առաջ տանելու միջոց:
«Ինձ նախորդած թեմի առաջնորդներից յուրաքանչյուրը մնայուն գործեր է թողել, որոնք պետք է շարունակենք միասին: Ես հրաշքներ չեմ խոստանում, բայց հավատում եմ, որ ամեն մեկիս ձեռնարկած ամենափոքրիկ գործից կարող են ծնվել հրաշքներ: հավատացած եղեք, որ սրտից բխած Աստվածահաճո ցանկությունը կարող է ծնել անհավանական հրաշքներ, եւ մենք միասին կկարողանանք նոր շունչ ու ոգի հաղորդել մեր հավատի զորությանը»,-նշեց Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ապա մատուցվեց Սուրբ պատարագ` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի: Թեմի առա ջնորդական տեղապահը Պատարագի ավարտին կատարեց նաեւ Ջրօրհնեքի արարողություն` Սուրբ ջուրն օծելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոր օրհնված մյուռոնով:
«Այս Ջրօրհնեքով Սուրբ մյուռոնը հորդեց դեպի հավատավոր ժողովուրդը: Բոլոր ծխերը հնարավորություն ունեն օրհնված ջրի միջոցով ընդունել հաղթանակի մյուռոնը, որով հաղթությունը պետք է մտնի մեր աշխարհ, մեր հոգիները, մեր ընտանիքիներ»,-հավատավորներին դիմեց Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Խոսրով Խլղաթյան