Անցյալ տարվա 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները
ЭкономикаԱնցյալ տարի 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները՝ դեկտեմբերի վերջին կազմելով 4.6 տոկոս, որը գտնվել է գնաճի տատանումների թույլատրելի 4.0+1.5 տոկոսային կետ միջակայքում:
Դա պայմանավորված է տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման և ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ, դրամի արժեզրկման ու գնաճային միջավայրի ընդլայնման դրսևորումներով, ինչպես նաև դրանց արդյունքում ձևավորված գնաճային սպասումներով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
«Հաշվետու եռամսյակում արձանագրվել է 5.4 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.3 տոկոսի փոխարեն, ինչը պայմանավորվել է գերազանցապես պարենային ապրանքների գների 9.1 տոկոս աճով, և դրա` ընդհանուր գնաճի վրա 4.8 տոկոսային կետի նպաստմամբ»,- ընդգծեց Երիցյանը:
Նա նաև հայտնեց, որ տարեվերջին բարձր գնաճը ներմուծված ապրանքների գների աճի հետևանք է՝ հիմնականում պայմանավորված դրամի կտրուկ արժեզրկմամբ: