Արմեն Մուրադյանը ամերիկացի բժիշկ Ռոբերտ Գիշին պարգևատրել է պատվոգրով
ОбществоՀայաստանում վիրուսային և ոչ վիրուսային հեպատիտների կանխարգելման և բուժման գործում մեծ ներդրման համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ռոբերտ Գիշին պարգևատրել է պատվոգրով։
«Մենք բարձր ենք գնահատում համագործակցությո ւնը Ձեր նման անվանի մասնագետի հետ»,- ամերիկացի բժշկի հետ հանդիպմանն ասել է Արմեն Մուրադյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նա նշել է, որ վարակիչ հիվանդությունները, մասնավորապես, ներհիվանդանոցային վարակներն արդիական խնդիրներ են, և այս առումով կարևոր է աշխարհահռչակ լյարդաբանի թե՛ մեթոդաբանական, թե՛ բուժական աջակցությունը Հայաստանի մասնագետներին։
Ռոբերտ Գիշն Արմեն Մուրադյանին ներկայացրել է Հայկական լյարդաբանների ֆորումի հետիրականացվելիք առաջիկա հինգ տարվա կայունացման ծրագրերը։ Նա ընդգծել է Հայաստանի ձեռբերումները հատկապես հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում։
Նախարարը նշել է, որ Հայաստանում շեշտը դրվում է հիմնականում կրթական ծրագրերի, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և պատվաստումների կազմակերպման վրա։
Հայաստանի հեպատոլոգիական ֆորումի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում ընթանում է միջազգային գիտաժողով, ուր քննարկվում են հեպատիտ Բ-ին առնչվող հարցեր: Այն միավորել է ոչ միայն Հայաստանի և ԱՊՀ երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի առաջատար մասնագետներին, տարբեր բնագավառների բժիշկներին։