Բարձր գնաճն առաջին հերթին կազդի աղքատների վրա, իսկ հարուստները չեն տուժի դրանից
ЭкономикаԱյսօր ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԿԲ-ին կոչ արեց թույլատրել բարձր գնաճը և զուգահեռ տնտեսական բարձր աճ ունենալ: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, արձագանքելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ասաց, որ Կենտրոնական բանկը վարում է «ոչ թե փողի նպատակադրման, այլ գնաճի քաղաքականություն: «Փողի քանակը մենք չենք կարգավորում, այլ կարգավորում ենք գնաճը: Ասեմ, որ ոչ մի խելամիտ երկիր բարձր գնաճ չի թույլատրում: Այո´, մենք չենք ուզում բարձր գնաճ սահմանել, որովհետև աշխարհի ոչ մի խելամիտ երկիր չի թույլատրում բարձր գնաճ, 2-5 տոկոսից ավելի գնաճ չի սահմանում: Դա մեր կապրիզը չէ, աշխարհում է այդպես: Պետք է նկատեմ, որ բարձր գնաճն առաջին հերթին կազդի աղքատների վրա, իսկ հարուստները չեն տուժի դրանից»,- ասաց նա:
Ներսես Երիցյանը նկատեց նաեւ, որ ՀՀ քաղաքացիները պարզապես «պանիկայի» մեջ են ընկնում բարձր գնաճի ու փոխարժեքի տատանման դեպքում: «Նրանք սկսում են անընդհատ դոլարիզացնել իրենց եկամուտները: Բարձր գնաճը մարդկանց պահելու է լարման մեջ: Պնդել, թե բարձր գնաճը կարելի է կառավարել, նույնն է, թե բժշկից խորհուրդ ստանալ, թե կարելի է արդյոք կառավարել արյան բարձր ճնշումը: Բոլորին է հայտնի, թե ուր կտանի նման բժշկությունը»,- նշեց Երիցյանը, ում խոսքից հետո ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց տեղից, ինչին ի պատասխան Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը հավելեց. «Քեյնսը կզարմանա, տեղում կպտտվի, որ իմանա՝ ուզում եք փողի քանակով տնտեսական աճ ապահովել: Ճշտե՞լ եք, դե լավ է»:
Սոսե Չանդոյան