Երևանի ավագանին բնակարան կտա Զառա Արամյանին, Վահրամ Սահակյանին, Դավիթ Ամալյանին
ОбществоԵրևան քաղաքի ավագանին Մարգարյան փողոցի հ. 45 շենքում բնակարաններ կտրամադրի երգիչներ Բերջ Քարազյանին, Դավիթ Ամալյանին, հաղորդավար Զառա Արամյանին ու գրող Վահրամ Սահակյանին: Արմենպրես-ի փոխանցմամբ`այս որոշումներն ընդգրկված են ավագանու հոկտեմբերի 8-ի արտահերթ նիստի օրակարգում:
Բացի այդ, ավագանին կքննարկի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու և նոր բնակարաններ տրամադրելու հարցերը: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, կքննարկվի Երվանդ Երզնկյանին, Արթուր Աբրահամին, Ռաիսա Մկրտչյանին, Ռուբեն Մաթևոսյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու հարցը:
Կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին կոչումը կշնորհվի Երևան քաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ, ստեղծագործական ակնառու հաջողությունների, Երևան քաղաքի երաժշտաարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) կոչումը կշնորհվի Երևան քաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների համար:
Երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Հրանտի Մկրտչյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի Երևան քաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ, ստեղծագործական ակնառու հաջողությունների, Երևան քաղաքի երաժշտարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար:
Նման կոչում կարող է շնորհվել նաև երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին`Երևան քաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ, ստեղծագործական ակնառու հաջողությունների, Երևան քաղաքի երաժշտարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար: