Եգիպտոսը կարևորում է եգիպատահայ համայնքի ներդրումն ու դերակատարությունը իր երկրի զարգացման գործում
ОбществоՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ամր Ալջովեյլիին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-եգիպտական ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և Հայաստանը շահագրգիռ է առավել խորացնելու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ:
Ամր Ալջովեյլիին, փոխանցելով Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի ողջույններն ու բարեմաղթանքները, նշել է, որ իր երկիրն արժևորում Õ § բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է առավել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու համար։ Նա կարևորել է եգիպատահայ համայնքի ներդրումն ու դերակատարությունը իր երկրի զարգացման գործում։
Կողմերը հանգամանալից քննարկել են հայ-եգիպտական համագործակցության զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։