«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի եզրափակիչ միջոցառումը կանցկացվի Ուջան գյուղում
Культура«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի հաղթողները հոկտեմբերի 10-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում ելույթ կունենան եզրափակիչ միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իրադարձությանը կմասնակցեն ազգային երգի-պարի խմբեր և անհատ կատարողներ:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնը մեկնարկել է այս տարվա ապրիլին:
Փառատոնի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացել է «Սասնա ծռեր» էպոսը և հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողով, անցկացվել են էպոսասացության մրցույթներ Հայաստանի բոլոր մարզերում: Փառատոնի եզրափակիչ փուլի էպոսասացության մրցույթը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, իսկ շարադրությունների օլիմպիադան՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի ավագ դպրոցում:
Ավանդական դարձած այս փառատոնը նշանակալից և կարևոր մշակութային իրադարձություն է, որի իրականացումը ոչ միայն նպաստում է մեր ազգային էպոսի պահպանմանը, կենսունակությանն ու հանրահռչակմանը, այլև 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտի ընդունման շարունակական արժևորումն է: