Արարատի մարզում մթերվել է 84 հազար 803 տոննա խաղող
ЭкономикаԱրարատի մարզում, հոկտեմբերի 6-ի դրությամբ, իրականացվել է 84 հազար 803 տոննա խաղողի մթերում` մարզի 16 մթերող կազմակերպությունների կողմից: Կախված խաղողի որակից, տեսակից, շաքարի պարունակությունից` մթերման գինը հասնում է մինչեւ 150 դրամի: Մարզում այս տարի արտադրվել է շուրջ 119 հազար տոննա խաղող:
Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց, որ առաջինը մթերումը սկսել է իրականացնել Պռոշյանի կոնյակի գործարանը` սեպտեմբերի 8-ից: Մարզում առկա 20 վերամշակող կազմկերպություններից մի քանիսն այս տարի բոլորովին դռները չբացեցին խաղող ընդունելու նպատակով:
«Մթերման տարեշրջանը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ գյուղացու այգիներում այլեւս չմնա ոչ մի ողկույզ խաղող»,- ընդգծեց Տերտերյանը:Որոշ համայնքներում իրականացնում են նաեւ խաղողի գնում` սառնարանային տնտեսություններում պահելու կամ արտահանելու նպատակով : Այս տարի գարնանը մարզի ինը համայնքներում տեղի էր ունեցել կարկտարություն` ընդհանուր առմամբ 300 հա-ի վրա, որի պատճառով վնասվել էր մարզի խաղողի այգիների տարածքի 3 տոկոսը:Տերտերյանը նաեւ հայտնեց, որ իրականացվում է նաեւ այգիների երիտասարդացման գործընթաց: Այդ այգիների տարածքը մարզում հասնում է շուրջ 300 հա-ի: