Շարմազանովն առաջարկում է Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրել հոգևոր հաղորդումներ
ОбществоԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հանրային հեռուստադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին առաջարկեց Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների ցանկում ընդգրկել հոգևոր հաղորդումներ: Առաջարկը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց խորհրդարանում Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման ընթացքում:
«Հանրային հեռուստաընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նաև քաղաքացիների հոգևոր դաստիարակությունը: Գոհ ենք, որ կա «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը Մայր Աթոռի օժանդակությամբ իրականացնում է հոգևոր հաղորդումների հեռարձակումը, բայց համաձայնեք, որ «Շողակաթը» չունի հեռարձակման լավ տիրույթ, որ ունի Հանրային հեռուստառադիոընկերությունը: Այդ կապակցությամբ ունեմ առաջարկ. հնարավո՞ր է 2016 թվականին ընդգրկել Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների ցանկում հաղորդումներ, որտեղ մեր հոգևոր հայրերը կներկայացնեն Հայ առաքելական եկեղեցու պատմությունը և, ինչու չէ, նաև երևելիների պատմությունները»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ առաջարկեց Էդուարդ Շարմազանովը:
Ջաղինյանն ընդունեց Շարմազանովի առաջարկը և խոստացավ այդ ուղղությամբ աշխատանքներ տանել և նման հաղորդումներ ընդգրկել ծրագրի մեջ: