«Որոտանը» գրավի տակ է. Կառավարությունը հաստատում է
ЭкономикаՕրը չորեքշաբթի է, ինչը նշանակում է, որ ԱԺ են այցելել ՀՀ կառավարության կարկառուն ներկայացուցիչները:
Հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի շատ կարեւոր հարց ուղղեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ընդդիմադիր պատգամավորը, բարձրացնելով վաճառքի հանված «Որոտանի» կասկադի հարցը նշեց.
«Վաճառքի հանելուց երկու շաբաթ հետո այն կազմակերությունը, որը գնել էր «Որոտանը», դիմել է Հայաստանի երեք բանկերի եւ նրանցից վարկ է վերցրել՝ 90 մլն դոլար համարժեքով: Ստացվում է, որ այն կազմակերպությունը, որը թնդեցնում էր, թե գալու է Հայաստան ու այստեղ լուրջ ներդրումներ է անելու եւ որը գրանցված է օֆշորում ու առեւտրային կազմակերպություն է, գործարք իրականացնելու համար վարկ է վերցրել ՀՀ բանկերից:
Այսինքն, ստացվում է, որ այդ գործարքի գումարները Հայաստանից է վերցրել, որպեսզի Հայաստանի բյուջե մուտք արվի այդ 90 մլն դոլարը՝ գործարք իրականացնելու համար»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հարցնելով արդյոք կառավարությունը կարող է հաստատել տեղեկատվության ճշմարտացիությունը:
Արամ Մանուկյանի հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Այո´, այդ տեղեկությունը ճիշտ է, այդ ընկերությունը վարկ է վերցրել հայկական բանկերից, բայց ոչ 90 մլն դոլարի չափով:
Ինչ վերաբերում է գրավադրմանը, ապա պետք է ասեմ, որ այո´, կազմակերպությունը գրավադրել է իր բաժնետոմսերը ոչ միայն բանկերի, այլեւ կառավարության օգտին: Քանի դեռ ողջ գումարը չի վճարել, այդ բաժնետոմսերը կշարունակեն գրավադրված մնալ Հայաստանին»,- պատասխանեց Դ. Հարությունյանը:
Արամ Մանուկյանը, արձագանքելով Դավիթ Հարությունյանի խոսքին, զարմացած հարցրեց, թե ինչ է, իրենք ոչ մի գումար չունեի՞ն, որ եկել են Հայաստանից են վերցրել գումարը:
«Մինչ այդ մեծ-մեծ խոսում էին, թե տեսեք՝ ինչ ներդրումներ ենք անելու: Եւ դրանից հետո էլ արտադրանքի գինը ավելանում է, այսինքն՝ մեր ռազմավարական 4 լճերը, մեր ապրանքը առնում են, հետո գրավ են դնում մեզ մոտ, մեզնից փող են վերցնում, որ գործարքի գումարը մուծեն: Այստեղ բիզնեսի զարգացման մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ ասում էին՝ դրսից Հայաստան գումար է գալու, բայց մեզնից են վերցնում այդ գումարը»,- նկատեց Ա. Մանուկյանը:
Սոսե Չանդոյան